Հայաստանում յուրաքանչյուր 15 տարեկանից բարձր տարիքի բնակչին տարեկան բաժին ընկնող մաքուր սպիրտի ցուցանիշը կազմում է ավելի քան 5 լիտր։ Այսպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) օրերս հրապարակած զեկույցի տվյալները:

Հիշեցնենք, ԱՀԿ-ն օրերս հրապարակել է տարեկան «Ալկոհոլի եւ առողջության բնագավառում առկա վիճակը 2014թ-ին» զեկույցը։ Զեկույցում ներկայացված են ԱՀԿ 194 անդամ-երկրների ալկոհոլի օգտագործման հիմնական բնութագրող հատկանիշները։

Ըստ կազմակերպության մասնագետների, Հայաստանում բավական ցածր ցուցանիշներ են արձանագրվում: Այսպես, 15 տարին լրացած հայաստանցի տղամարդը տարեկան միջինը 8 լիտր մաքուր սպիրտ է օգտագործում, կինը` շուրջ 2․5 լիտր։ Հայաստանի բնակիչների  85% նախընտրում է թունդ խմիչքներ, 10%` գարեջուր, 5% ՝գինի:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում քիչ չեն նաեւ սթափության կողմնակիցները՝ 23%: Սակայն նրանց ճնշող մեծամասնությունը կանայք են: Հայաստանի կանանց 38% եւ տղամարդկանց 8% է ասել, որ երբեք որեւէ ոգելից խմիչք չի օգտագործել:

Վրաստանում ալկոհոլի սիրահարների քանակն ավելի մեծ է: Վրացիները տարեկան մոտ 8 լիտր մաքուր սպիրտ են խմում` գերադասելով, սակայն, գինին:

Հարավային Կովկասում ամենացաշր ցուցանիշները արձանագրվել են Ադրբեջանում: Ադրբեջանցին տարեկան 2.3 լիտր  սպիրտ է խմում` գերադասելով թունդ խմիչքներն ու գարեջուրը:

Աշխարհում ալկոհոլի սպառման քանակությամբ առաջին տեղում Բելառուսն է: Չափահաս բելառուսը տարեկան 17 լիտր մաքուր սպիրտ է օգտագործում:

Հիշեցնենք, համաձայն ԱՀԿ զեկույցի, միջին հաշվարկներով 15 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ ամեն տարի խմում է 6,2 լիտր մաքուր սպիրտ։ Բայց իրականում բնակչության կեսից քիչն է (38,3%) օգտագործում ալկոհոլ։ Դա նշանակում է, որ ալկոհոլի օգտագործողները տարեկան խմում են 17լ մաքուր սպիրտ։

Գլոբալ մասշտաբներով Եվրոպայում մեկ շնչին հասնող ալկոհոլի քանակը ամենաբարձրն է, ընդ որում որոշ եվրոպական երկրներ ունեն ամենաբարձր ցուցանիշները։ Վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին 5 տարվա ընթացքում ինչպես  այս տարածաշրջանում, այնպես էլ Աֆրիկայում եւ Ամերիկայում, այս ցուցանիշները  կայուն են մնացել։ Միեւնույն ժամանակահատվածում հարավ-արեւելյան Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածներում նկատվում է ալկոհոլի օգտագործման աճ։