Lenovo Group ընկերության եւ Ցզյանսու նահանգի Հարավարեւելյան համալսարանի (Չինաստան) մասնագետները մշակել են «խելացի» մարզաշապիկ (Smart Vest), որն իրական ժամանակում հետեւում է սրտի աշխատանքին եւ կարող է զգուշացնել սրտի հիվանդությունների առաջին ախտանշանների մասին:

Smart Vest-ը նման է սովորական կոմպրեսիոն մարզաշապիկի, սակայն դրա մեջ կան անլար էլեկտրոդներ եւ սենսորներ, որոնք օրվա ընթացքում հետեւում են էլեկտրասրտագրին, սրտի ձայներին, ճնշմանը եւ շնչառությանը: Լրակազմում հավելված կա, որի օգնությամբ արհեստական ինտելեկտը հավաքած տվյալները բեռնում է ամպային համակարգ: Հիվանդները բջջային հավելվածի միջոցով կարող են իրական ժամանակի ռեժիմում դիտարկել իրենց սրտի վիճակը, տեղեկանալ սրտի զարկերի հաճախությանը, գնահատել քնի որակը եւ տրամադրության փոփոխությունները:

Մշակողների խոսքով՝ հավելվածը կարող է նաեւ ախտորոշում առաջարկել եւ կանխատեսել սրտի հիվանդության զարգացումը: Սրտի նոպայի հայտնաբերման եւ բուժման լավագույն ժամանակը 8 ժամն է մինչեւ սրտի կանգը: Սակայն սրտի անոմալ ակտիվությունը տեսանելի է դառնում նոպայից 2-3 օր առաջ, եւ այսպիսի մարզաշապիկի շնորհիվ այն կարելի է հայտնաբերել ժամանակին ու լուրջ խնդիրները կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ընդունել: