Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վտանգը մեծանում է կանանց տարիքի հետ միասին: Մերիլենդ նահանգի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում արգանդի վզիկի քաղցկեղի մակարդակը, հատկապես 65-69 տարեկան կանանց շրջանում եւ աֆրոամերիկացի կանանց մոտ ավելի մեծ է, քան կարծել են փորձագետները, հայտնում է The Medical Daily-ն:

«Մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ 65-ից բարձր կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշն է»,- ասել է Մերիլենդ նահանգի համալսարանի հետազոտող, դոկտոր Էնն Ֆ. Ռոսիչը:

Ռոսիչը եւ իր համալսարանական գործընկերները նորից վերլուծել են ամերիկացի կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի մակարդակին վերաբերող արդեն իսկ կատարված բոլոր հետազոտությունները:

Ընդհանուր առմամբ, գիտահետազոտական ​​թիմը հաշվարկել է, որ արգանդի վզիկի քաղցկեղով փաստացի հիվանդների քանակը բոլոր կանանց շրջանում կազմում է 18.6 դեպք 100,000 կանանց մեջ: 65-69 տարեկան կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղ արձանագրվել է 100000 կանանց մեջ 27,4-ի մոտ, ինչը 84 %-ով ավել է, քան նախկին տվյալները՝ 14,8 դեպք 100 000 կնոջ շրջանում:

Հետազոտողները կոչ են արել պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ՝ հաշվի առնելով այն, որ վիրուսը արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերի «մեղավորն» է: Կանայք նաեւ պետք է ժամանակ գտնեն եւ ամեն տարի Պապանիկոլաուի թեստեր կատարեն՝ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ կատարելու համար: