Հայաստանում ներդրվել է տարածաշրջանում առաջին «Առողջապահության իրավունք» մագիստրոսական ծրագիրը: Երկամյա ծրագիրն իրականացնում են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը եւ Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանը:
Հուլիսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ մագիստրոսական ծրագրի ղեկավար, իրավագիտության թեկնածու Միքայել Խաչատրյանը հայտնեց, որ մագիստրոսները պետք է անցնեն հետեւյալ առարկաները՝ առողջապահության իրավունք, հիվանդի իրավունք, բիոէթիկա, առողջապահության ապահովագրություն, իրավական ստոմատոլոգիա: Խաչատրյանը նշեց, որ ուսումնական ծրագիրը մշակվել է այնպիսի երկրների եվրոպական մագիստրոսական ծրագրերի հիման վրա, ինչպիսին են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան:
Մագիստրատուրայում մեկ տարի ուսանելու արժեքը կկազմի 500-550 հազար դրամ: Փորձագետը տեղեկացրեց, որ կրթական գործընթացին կներգրավվեն 2 բուհերի դասախոսները: Դրանից բացի, արդեն պայմաններ են ստեղծվել արտասահմանցի մասնագետների ներգրավմամբ օնլայն ռեժիմում ուսումնական պարապմունքների անցկացման համար:
Խաչատրյանի խոսքով՝ հատուկ ուշադրություն կդարձվի տարբեր հիվանդանոցներում պրակտիկ պարապմունքներին: «Սա նաեւ ուսանողներին թույլ կտա ծանոթանալ պոտենցիալ գործատուների հետ»,- ասաց նա: Ինչպես նշվեց, յուրաքանչյուր ուսանողի կկցվի իրավաբանական հարցերով ղեկավար դասախոս:
Արդեն հայտարարվել է «Առողջապահության իրավունք» մագիստրոսական ծրագրով 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը: Խաչատրյանի խոսքով՝ անվճար բաժին է արդեն ընդունվել 2 մարդ, վճարովի բաժնում ընդունելությունը շարունակվում է: Մագիստրատուրայի ռուսական բաժնի շրջանավարտները կստանան ռուսերեն եւ հայերեն նմուշի պետական դիպլոմներ, հայկական բաժնի շրջանավարտները՝ միայն հայերեն նմուշի: Բացի այդ՝ մագիստրոսները կստանան Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի սերտիֆիկատ:
Այս ծրագրով մագիստրատուրա ընդունվելու իրավունք ունեն բակալավրիատն ավարտածները: Ըստ որում՝ բազային իրավաբանական կրթություն ունենալը պարտադիր չէ:






