Ընթացիկ տարվա հունիսին Երեւանի շտապ օգնությունը ստացել էր 18 810 կանչ, իսկ հուլիսի առաջին 10 օրերին կանչերի թիվն արդեն կազմել է 7246: Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ այս սեզոնին շտապ օգնությունն ամեն օր ստանում է մոտ 750 կանչ: Վերջին օրերին կանչերի մեծ մասի հիմնական պատճառը, ինչպես եւ ամբողջ տարվա ընթացքում, սիրտ-անոթային հիվանդություններն են: Շնչուղիների հիվանդությունները եւ ՍՇՎ ինֆեկցիան երկրորդ տեղում են, իսկ կանչերի թվով երրորդ տեղում են մնում վնասվածքները:
Հետաքրքիր է, որ այս տարի արեւային հարվածի պատճառով կանչերի թիվը չի աճել, չնայած արտասովոր շոգին: Հունիսին գրանցվել է արեւային արվածի 4 դեպք, իսկ հուլիսին՝ 10: Համեմատության համար՝ անցյալ տարի նման դեպքերը եղել են 5-ով եւ 7-ով ավելի:
Ինչպես նշեց Թագուհի Ստեփանյանը, վերջին օրերին աճել է նաեւ հոսպիտալացվողների թիվը. եթե սովորաբար հոսպիտալացման կարիք է ունենում շտապ օգնություն կանչած հիվանդների մոտ 20 տոկոսը, ապա հիմա այս ցուցանիշը հասել է միչեւ 25 տոկոսի:
Թագուհի Ստեփանյանը նաեւ նշեց, որ ներկայումս շտապ օգնության ավտոպարկում 36 մեքենա կա, սակայն մոտ ապագայում Չինաստանից նոր մեքենաներ են սպասվում: Կանչերի թվի մեծացման պատճառով բրիգադները ստիպված են աշխատել առանց մեկ րոպե հանգստանալու, իրավիճակը խորացնում է նաեւ այն փաստը, որ շտապ օգնության ծառայությանը դիմած ամենեւին էլ ոչ բոլոր հիվանդներն են իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունենում. ոմանց մոտ ընդամենը ջերմության բարձրացում է կամ ՍՇՎ ինֆեկցիա՝ խնդիրներ, որոնցով հարկ էր դիմել ընտանեկան բժշկին կամ հարեւան պոլիկլինիկայի թերապեւտին, այլ ոչ թե շտապ օգնության ծառայություն:
Թագուհի Ստեփանյանը երեւանցիներին կոչ արեց շտապ օգնություն զանգահարել միայն այն դեպքում, երբ հիվանդն իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունի: Իսկ եթե բրիգադները ուշադրությունը կենտրոնացնեն ոչ շատ բարձր ջերմությամբ հիվանդների վրա, կարող են ուշանալ ինֆարկտով կամ կաթվածով մարդու մոտ հասնելուց, եւ սա վերջինի համար կարող է կյանքի գին ունենալ:






