Հուլիսի 25-ին Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում գիտխորհրդի հանդիսավոր նիստ անցկացվեց, որի շրջանակում շրջանավարտները ավարտական դիպլոմներ ստացան: Միջոցառմանը մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, գիտության եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը: Իր խոսքում վարչապետը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ ԵՊԲՀ-ն գրավիչ էր օտարերկրյա ուսանողների համար եւ այդ ավանդույթները մինչ օրս շարունակվում են: Բուհի այսպիսի մոդելը հաջող անվանելով՝ վարչապետը նշեց, որ հենց այսպիսի ուղի է անհրաժեշտ հայկական բուհական համակարգին միջազգային ինտեգրման եւ կրության որակի բարձրացման համար: «Հույս ունեմ, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր խթան կդառնան բուհական համակարգում ստեղծագործական մտքի զարգացման համար», - նկատեց վարչապետը:
«Կարծում եմ՝ լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտությունն ընտրում են ոչ թե մաթեմատիկական, ֆինանսատնտեսական հաշվարկներից ելնելով, այլ առաքելության խորը գիտակցությամբ: Իմ ընկալմամբ, մարդու համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է, հատկապես դա վերաբերում է բժշկի եւ զինվորականի մասնագիտությունը: Ես վստահ եմ, որ այսօր դիպլոմ ստանալով, երիտասարդ մասնագետները նոր կյանք են մտնում այն մտածողությամբ, որ նրանք կարող են փոխել աշխարհը», - ընդգծեց Փաշինյանը: Նրա խոսքով մարդուն առողջություն պարգևելը ամենամեծ մարդկային առաքելությունն է և այդ իմաստով վարչապետը կոչ արեց այսօրվա շրջանավարտներին նյութական բարիքիների համար մրցավազքի մեջ չմտնել, այլ ներդաշնակ լինել սեփական անձի եւ խղճի հետ: «Ես հավատում եմ ձեր առաքելությանը եւ հավատում եմ մեր ընդհանուր հաղթանակին», - նշեց նա: ԵՊԲՀ-ի շրջանավարտներին շնորհավորեց նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը հատուկ այս օրվա համար տեսաուղերձ էր պատրաստել: Ազնավուրը նշեց, որ վերջին շրջանում բախվել է առողջական մի շարք խնդիրների հետ եւ ստիպված էր բուժում անցնել: «Հերթական անգամ համոզվեցի, որքան կարեւոր է բժշկի մասնագիտությունը: Շնորհավոևրում եմ ձեզ եւ հաջողություններ եմ մաղթում ձեր առաքելության կատարման գործում», - նշեց նա: 2017-2018 ուսումնական տարում ԵՊԲՀ-ի շրջանավարտների թիվը հասել է 1001-ի, որոնցից 45-ը կարմիր դիպլոմով է ավարտել բուհը: 2018-ին բուհում օտարերկրյա ուսանողների ռեկորդային թիվ է գրանցվել. այսօրվա դրությամբ բուհում աշխարհի տարբեր երկրներից 1800 ներկայացուցիչներ են սովորում, որոնց 10 տոկոսը կլինիկական օրդինատուրա է անցնում:





