Մասնագետները քաղցկեղով հիվանդներին կոչ են անում չհանձնվել եւ բուժումից չհրաժարվել։
Հուլիսի 26–ին մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարության գլխավոր թերապեւտ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական եւ ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը նշեց, որ քաղցկեղի ժամանակին հայտնաբերումը զգալիորեն մեծացնում է հաջող բուժման հավանականությունը։ Սրա հետ կապված փորձագետը նշեց մասշտաբային սքրինինգային ծրագրերի անցկացման անհրաժեշտությունը՝ ուղղված ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը։
Պետրոսյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Հայաստանում վերջին փուլերում (այսինքն՝ 3–4–րդ փուլերում հայտնաբերված չարորակ ուռուցքները) հայտնաբերված քաղցկեղի դեպքերի հետեւանքով մահացությունը կազմում է 40–42 տոկոս։ Այս ցուցանիշները մասնագետների շրջանում մտահոգություն են առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով չլուծված խնդիրները, որոնք կապված են բնակչության համար նեղ մասնագիտացված բուժհաստատությունների հասանելիության հետ։
Սա առաջին հերթին վերաբերում է հեռավոր շրջանների եւ գյուղերի բնակիչներին, որոնք ուռուցքաբանի անհրաժեշտ խորհրդատվություն չեն կարող ստանալ տեղական ամբուլատորիաներում նեղ մասնագետների պակասի պատճառով։ Այսպիսով, որպեսզի խորհրդատվություն, հետազոտություն եւ բուժում ստանան, նրանք ստիպված են դիմել կա՛մ Գյումրիի ուռուցքաբանության դիսպանսեր, կա՛մ մայրաքաղաքի Ուռուցքաբանության ազգային կենտրոն։
Հաճախ խնդրահարույց է նաեւ մարզային ամբուլատորիաների հնացած սարքավորումը։ Այն թույլ չի տալիս չարորակ օնկոլոգիայի դեպքում ճշգրիտ ախտորոշում կատարել, հատկապես վաղ փուլերում։
Պետրոսյանի կարծիքով՝ այս խնդիրը կարող էր մասամբ լուծվել մամոգրաֆիայի շարժական կենտրոնների ներդրմամբ, որոնց շնորհիվ մարզերի բնակիչների համար կրծքագեղձի հետազոտությունն ավելի հասանելի կլիներ։ Փարձագետը շեշտեց, որ վաղ ախտորոշումը զգալիորեն մեծացնում է հաջող բուժման հավանականությունը, հատկապես այն դեպքերում, երբ քաղցկեղն ախտորոշվել է վաղ փուլերում։
«Հարկ է հիշել, որ քաղցկեղը հիվանդություն է, ոչ թե դատավճիռ։ Այս ախտորոշման դեպքում անհրաժեշտ է բուժումը ժամանակին սկսել, այլ ոչ թե հանձնվել», – նշեց նա։
Պաշտոնական տեղեկություններով՝ Հայաստանում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների թվում քաղցկեղը երկրորդ տեղում է մահացության եւ հիվանդացության մակարդակով։ Եվրոպական բժշկական տեղեկատվական պորտալի՝ «European Health Information Gateway», տեղեկություններով՝ Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացության մակարդակը (0–64 տարիքային խմբում) կազմել է 83 դեպք, իսկ բոլոր տարիքային խմբերում՝ 186 (100 հազար բնակչի հաշվարկով)։
ԱՀԿ գնահատականներով՝ աշխարհում տարածված խնդիր են ուշ փուլերում բժշկական օգնության դիմելը եւ ախտորոշման անհասանելիությունը։






