Քաղցկեղով հիվանդների մի որոշակի տոկոսի հրաժարվելը բուժման համընդհանուր ընդունելի մեթոդներից՝ քիմիաթերապիայից եւ վիրաբուժական միջամտությունից, լուրջ խնդիր է դառնում աշխարհի շատ երկրներում:
Գիտնականների խմբի հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Oncology-ում, նշվում է, որ ոչ ավանդական բժշկությունը նվազեցնում է օնկոհիվանդների ապրելիության հնարավորությունները, ինչպես նաեւ 2 անգամ ավելի հաճախ է մահվան ելք գրանցվում բուժման ստանդարտ մեթոդներից հրաժարվելու պատճառով: Օրինակ՝ ԱՄՆ-ում քաղցկեղով հիվանդների շրջանում տարածված են սննդակարգեր, ինչպես նաեւ վիտամինների ու հանքանյութերի ընդունումը:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ գլխավոր քիմիաթերապեւտ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական եւ ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, Հայաստանում նույնպես նկատվում են օնկոլոգիայի բուժման համանման «միտումներ»:
Նրա խոսքով՝ բժիշկները գործնականում ամեն օր բախվում են այդպիսի դեպքերի: Իր պրակտիկայում առավել անհեթեթ դեպքերի թվում բժիշկը նշեց Իրանի գյուղերից մեկում «յուրահատուկ» պոնիի մեզով քաղցկեղի բուժումը: Պետրոսյանի հիվանդներից մեկը հանուն այս միզաբուժության 2 տարի հրաժարվել էր բուժումից:
Փորձագետի կարծիքով՝ ոչ ավանդական բժշկության օգտին բուժման ավանդական մեթոդներից հրաժարվելը բացատրվում է հիվանդի հոգեբանությամբ: «Հիվանդին ավելի հեշտ է հավատալ, որ իրեն կբուժի տզրուկը, այլ ոչ թե քիմիաթերապիան: Բացի այդ՝ հիվանդը ցանկանում է ավելի հեշտ բուժում ստանալ»,- ասաց նա՝ միաժամանակ քաղցկեղի բուժման նկատմամբ նման մոտեցումն անընդունելի համարելով:
«Ամբողջ աշխարհում ստանդարտ մեթոդները այս հիվանդության հաղթահարման միակ ճանապարհն են, եւ բժիշկը պետք է հիվանդին մատչելի կերպով բացատրի բուժման ճիշտ լինելը»,- հավելեց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ վաղ հայտնաբերումը եւ բուժման ժամանակին նշանակումը հիվանդի համար կարող են վճռորոշ դեր ունենալ: Այսպես՝ I-II փուլում կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեպքում 10-ամյա ապրելիության հավանականությունը հասնում է մինչեւ 80 տոկոսի: «Ես համաձայն եմ, որ աուտոտրենինգն իսկապես բուժմանն օգնում է: Այնուամենայնիվ, չարժի արհամարհել ավանդական մեթոդները»,- ամփոփեց Պետրոսյանը:






