Հայաստանում 2017 թվականին գրանցել են հեպատիտ B-ի 450 նոր դեպք եւ հեպատիտ C-ի 717 դեպք: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ ներհիվանդանոցային ինֆեկցիաների բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:
Աշխարհում հեպատիտի վիրուսով վարակված է յուրաքանչյուր 20-րդ մարդը: Համարվում է, որ աշխարհում 20 վայրկյանը մեկ հեպատիտով վարակվում է մեկ մարդ: Աշխարհում հեպատիտ В-ով ապրում է մոտ 250 մլն մարդ, իսկ հեպատիտ C-ով հիվանդները մոտ 71 մլն են:
Ինչպես իր հերթին նշեց ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը, տարբեր երկրներում հեպատիտների տարածվածությունը տարբեր է, Հայաստանը համարվում է այս վիրուսների միջին տարածվածությամբ երկիր. հեպատիտ С-ով վարակված է բնակչության մոտ 4-5 տոկոսը, իսկ հեպատիտ В-ով՝ 1,5-2 տոկոսը: Այսպիսով, Հայաստանում հեպատիտ В-ով հաշվառված հիվանդների թիվը մոտ 40-50 հազար է, իսկ հեպատիտ С-ով՝ մոտ 100 հազար: Ճիշտ է, 20-30 տոկոս դեպքերում հեպատիտ С-ով հիվանդների մոտ տեղի է ունենում վիրուսի սպոնտան էլիմինացիա, ինչը նշանակում է, որ նրանց օրգանիզմն ինքնուրույն է հաղթահարում ինֆեկցիան եւ այն ոչնչացնում: Այդ պատճառով այս պահի հաշվառման տվյալներով՝ Հայաստանում հեպատիտով է ապրում մոտ 70 հազար մարդ:
Հիմնական խնդիրն այն է, որ այս մարդկանց գերակշիռ մասը պատկերացում չունի, որ իր մոտ հեպատիտ կա: Ինչպես նշեցին մասնագետները, շատ դեպքերում հեպատիտը երկար ժամանակ իրեն զգացնել չի տալիս. նույնիսկ ցիռոզով որոշ հիվանդներ չեն կռահում, որ խնդիրներ ունեն:
Հասմիկ Ղազինյանի խոսքով՝ հեպատիտներով վարակվածների միայն մոտ 11 տոկոսն է տեղյակ իր հիվանդության մասին:






