Հեպատիտ С-ն արդեն բուժվող հիվանդություն է համարվում, իսկ հեպատիտ B-ն՝ վերահսկելի, սակայն ամբողջ աշխարհում հիվանդների միայն փոքր տոկոսն է ստանում անհրաժեշտ բուժումը։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը։

Երկար ժամանակ հեպատիտների բուժումը համարվում էր շատ թանկարժեք հաճույք, ու իսկապես հենց այդպես էլ կար։ Այսօր, սակայն, փոխվել են թե բուժման սխեմաները, թե արժեքը, վստահեցնում է հեպատոլոգը։

Երկար տարիներ աշխարհի բազմաթիվ երկրներում, նաեւ Հայաստանում «ոսկե ստանդարտ» էր համարվում  կոմբինացված բուժումը  երկու դեղամիջոցներով՝ պեգինտերֆերոն-ալֆայով ու ռիբավիրինով։ Բուժման արդյունավետությունն էլ կախված էր վիրուսի գենոտիպից, ինտերֆերոն ալֆայի հանդեպ անհատական զգայունակությունից, նաեւ  հիվանդի մոտ լյարդի ֆիբրոզի փուլից։

Հայաստանում, ինչպես նշեց գլխավոր հեպատոլոգը, 2015-ից սկսած դադարեցրել են հեպատիտ С-ի բուժման համար պեգինտերֆերոնների գործածումը, քանի որ դրանք բազմաթիվ կողմնակի էֆեկտներ ունեին, իսկ արդյունավետությունը հասնում էր ընդամենը 50 տոկոսի։ Ռիբավիրինի գործածումից հրաժարվել են 2018-ին, քանի որ այդ դեղամիջոցն էլ է բազմաթիվ կողմնակի էֆեկտներ առաջացնում՝ չունենալով բավարար արդյունավետություն։

Հեպատոլոգի խոսքով՝ այսօր Հայաստանում հեպատիտ С-ի բուժման համար կիրառվում են ուղիղ գործողության հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք դեպքերի 96 տոկոսում ապահովում են վիրուսի բուժումը՝ ունենալով միաժամանակ նվազագույն կողմնակի էֆեկտներ։ Բրենդային դեղամիջոցներն էժան չեն, դրա համար էլ շատ հիվանդների համար գործածում են այդ դեղամիջոցների ջեներիկ տարբերակները, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում, բայց շատ ավելի էժան են։ Եվ այսպես, բուժման երեք ամսվա կուրսը շուրջ 290 հազար դրամ արժե։

Հեպատիտ С-ի բուժումը սովորաբար տեւում է 3-6 ամիս՝ կախված հիվանդի վիճակից, վիրուսի գենոտիպից ու բազմաթիվ այլ գործոններից։

Ինչ վերաբերում է հեպատիտ B-ին՝ այն դեռ անհնար է բուժել, բայց կարելի է վերահսկել, թույլ չտալով, որ վիրուսը վնասի հիվանդի առողջությանը։ Նման բուժումը ամսական մոտ 30 հազար դրամ արժե։ Որոշ հիվանդներ ստանում են կարճաժամկետ բուժում, մյուսները ստիպված են լինում ամբողջ կյանքում ընդունել այդ դեղորայքը։