Հեպատիտ C-ով 1000 հիվանդից 986-ն ավարտել է բուժումը «Սովալդի» դեղով, որը Հայաստանը 2017 թվականին նվեր է ստացել Վրաստանի կառավարությունից: 920 հիվանդները (94 տոկոսը) հեպատիտից լիովին բուժվել են, սակայն վիրուսը չի վերացել 38 հիվանդի մոտ (4 տոկոս): Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը:

«Սա նշանակում է, որ Հայաստանում հիմա ինֆեկցիայի աղբյուրները  920-ով պակաս են: Դրանից բացի, այս հիվանդների մոտ այլեւս հետագա բարդություններ չեն լինի (վիրուսի պատճառով)»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ եւս 28 հիվանդ բուժման կուրսի ավարտին չի ներկայացել կրկնակի հետազոտման, ուստի բժիշկները չգիտեն նրանք բուժվել են, թե ոչ:

Հետաքրքիր է, որ ծրագրի մեջ ընդգրկված հիվանդների մոտ 30 տոկոսի մոտ արդեն լյարդի ցիռոզ կար, սակայն այդ մասին շատ քչերը գիտեին:

Հիշեցնենք, որ  Հայաստանի կառավարությունը մայիսի 4-ի նիստում հաստատեց Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերության ծրագիրը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվում ժամանակակից «Սովալդի» դեղը, որով բուժում կստանա հեպատիտ C-ով հազար հիվանդ։ Արտասահմանում այս դեղով բուժման կուրսն արժե մոտ 50-60 հազար դոլար: Հայ հիվանդները դեղն անվճար կստանան:

Հեպատիտ С-ի բուժումն իրականացվել է եգիպտական արտադրության «Դակլատասվիր» դեղամիջոցի համադրությամբ։ Առաջին ամսում հիվանդները դեղը պետք է իրենք գնեին, իսկ եւս 2 ամիս՝ անվճար ստանային:

Նախքան բուժումը սկսելը, բոլոր 1000 հիվանդները հետազոտություն են անցել, որի կարեւորագույն բաղադրիչը հեպատիտ C-ի վիրուսի գենոտիպի որոշումն էր եւ էլաստոգրաֆիան (լյարդի հյուսվածքի հետազոտումը): 1000 հիվանդի համար այս անալիզների արժեքը կազմել է 45 հազար դրամ: Նրանք, ովքեր ծրագրում ընդգրկված չեն, այս սարքավորմամբ հետազոտությունը կարժենա գրեթե 90 հազար դրամ:

Ծրագրին ընդհանուր մասնակցում է 32 բժիշկ: 1000 հիվանդից 666-ը Երեւանից են, 334-ը՝ մարզերից: