«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում, իրականացնելու է հանրային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկության մակարդակը, շեշտադրել պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնել վարակման ռիսկերը:
Աշխարհում վիրուսային հեպատիտներ B-ով և C-ով վարակված գրեթե 300 մլն մարդ տեղյակ չէ իր կարգավիճակի մասին: Վերոհիշյալ միջոցառման շրջանակներում 400 ՀՀ քաղաքացիների կտրամադրվի նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող հեպատիտներ B-ի, C-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար թեստավորում անցնելու հնարավորություն:
Հետազոտությունների/ակցիաների անցկացման վայրերը և օրերը ստորև.
- Երևան, հուլիսի 28, 2018թ., Հյուսիսային պողոտա (ժամը` 16:00-20:00),
- Վանաձոր, հուլիսի 27, 2018թ., Սայաթ-Նովա այգու հարակից տարածք (ժամը` 14:00-18:00),
- Գյումրի, հուլիսի 27, 2018թ., Վարդանանց հրապարակ (ժամը` 14:00-18:00):
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից այս ամսաթիվն պաշտոնական կարգավիճակ է ստացել 2011թ.-ից: Ի դեպ հուլիսի 28-ի ընտրությունը կապված է ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի հայտնաբերող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարուխ Սամուել Բլումբերգի ծննդյան օրվա հետ: Օրվան նվիրված միջոցառումները միտված են բնակչության շրջանում տեղեկատվության հասնելիության ապահովմանը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում առկա խնդիրների բարձրաձայնմանը: 2018թ.-ի միջոցառումները կանցնեն «Հայտնաբերելով վարակվածներին՝ կփրկենք միլիոնավոր կյանքեր» կարգխոսի ներքո:






