Հայաստանի բնակչությունը դեռ բավականաչափ իրազեկված չէ հեպատիտ C-ի մասին՝ շատերը շարունակում են կարծել, թե այդ հիվանդությունն անբուժելի է, չնայած իրականում դա այդպես չէ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ Հակոբ Աճեմյանը՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայկական առաքելությունից։
Նրա խոսքով՝ մարդիկ բավարար տեղեկություններ չունեն նաեւ հեպատիտ C-ի կլինիկական ընթացքի մասին՝ շատերը կարծում են, որ եթե իրենք չունեն հիվանդության որեւէ ախտանշան, ուրեմն առողջ են։ Բայց իրականում հիվանդությունը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց որեւէ ախտանշանի ու առանց հատուկ անալիզի մարդը չի իմանա, որ ինքը հիվանդ է։
Հեպատիտ C-ի փոխանցման ուղիների մասին գիտելիքները, ըստ մասնագետի, նույնպես բավարար չեն՝ եթե մարդիկ իմանան, թե ինչպես է փոխանցվում այս հիվանդությունը, նրանց համար ավելի հեշտ կլինի պաշտպանվել դրանից։
«Իսկ եթե մարդն արդեն վարակվել է հեպատիտ C-ով, նա պետք է իմանա, որ հիվանդությունը բուժելի է։ Ուղիղ ներգործության հակավիրուսային դեղամիջոցները, որոնք այսօր գործածվում են հեպատիտ C-ի բուժման ժամանակ, 95 տոկոսանոց արդյունավետություն ունեն ՝ 100 հիվանդներից 95-ը լիարժեք բուժվում են»,- նշեց բժիշկը։
Այլ հարց է, որ այդ դեղամիջոցներն էժան չեն, ու ոչ բոլոր հիվանդները կարող են իրենց թույլ տալ նման բուժում։ Հեպատիտ C-ի բուժման պետական ծրագրեր Հայաստանը դեռ չունի, սակայն որոշ խմբեր ստանում են անվճար բուժում՝ այլ ծրագրերի շրջանակներում։ Այսպես, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը դեղամիջոցներով է ապահովում հեպատիտ C-ով ու տուբերկուլյոզով հիվանդներին, որոնք բազմակի դեղորայքային կայունություն ունեն։
«Տուբերկուլյոզի դեմ դեղամիջոցները բացասաբար են ազդում լյարդի վրա, ու հեպատիտ C-ի վիրուսը նույնպես քայքայում է լյարդը, ինչը բարդացնում է բուժման կազմակերպումը։ Դրա համար էլ նման հիվանդներին մենք անվճար տրամադրում ենք բուժում հեպատիտ C-ի դեմ»,- նշեց բժիշկը։
Հուլիսի 27-ին Երեւանում, Հյուսիսային պողոտայում, ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների» առաքելության հայկական ներկայացուցչությունը կազմակերպել էր «Քայլ դեպի հեպատիտ C-ի բուժման հասանելիություն» ակցիան, որի նպատակն էր մարդկանց գրագետ տեղեկություններ հաղորդել հեպատիտի մասին։
Ակցիային մասնակցել են կազմակերպության 12 ներկայացուցիչներ, այդ թվում՝ բժիշկներ, բուժքույրեր, սոցաշխատողներ։
Մասնագետը հիշեցրեց, որ հեպատիտ C-ն մնում է շատ հրատապ խնդիր ամբողջ աշխարհում։ Համարվում է, որ մարդկանց շուրջ 3 տոկոսը վարակված է հեպատիտ վիրուսով, դա կազմում է մոտ 170 մլն մարդ։
Հայաստանը համարվում է այդ վիրուսների միջին տարածում ունեցող երկիր՝ հեպատիտ C-ով վարակված է բնակչության մոտ 4-5 տոկոսը, հեպատիտ B-ով՝ 1,5-2 տոկոսը։ Այսպիսով՝ Հայաստանում հեպատիտ B-ով հաշվառված հիվանդների քանակը մոտ 40-50 հազար է, իսկ հեպատիտ C-ով հիվանդների քանակը՝ մոտ 100 հազար։ Ճիշտ է, դեպքերի 20-30 տոկոսում հեպատիտ C-ով հիվանդների մոտ տեղի է ունենում վիրուսի հախուռն էլիմինացիա, ինչը նշանակում է, որ նրանց օրգանիզմն ինքնուրույն է հաղթահարում ինֆեկցիան ու ոչնչացնում է այն։ Դրա համար էլ այս պահի դրությամբ, ըստ հաշվառման տվյալների, Հայաստանում կա հեպատիտով ապրող մոտ 70 հազար մարդ։






