Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մայիսի 18-ին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը, կազմակերպում է մոմավառության երթ:
Երթը կմեկնարկի ժ.18:30-ին` ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակից եւ կընթանա հետեւյալ երթուղով. Պարոնյան փող. - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փող. – Հանրապետության հրապարակ - Աբովյան փող. - Հյուիսային պողոտա – Սայաթ-Նովա փող. – Կոմիտասի անվան պետական անվան կոնսերվատորիայի այգի:
Ժ. 20:00-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող այգում կկայանա մոմավառության արարողություն` դասական երաժշտության ուղեկցությամբ:
Մոմավառության տաղավարից բացի միջոցառման վայրում կգործի.
● տեղեկատվական տաղավար, որտեղ ՀԿԽԸ կամավորները կլուսաբանեն օրվա խորհուրդը` անցորդներին տրամադրելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի վերաբերյալ նյութեր, խրախուսելով նրանց կրել կարմիր ժապավեն եւ մասնակցել տաղավարներում իրականացվող միջոցառումներին,
● հիշատակման ծածկոցի («Քվիլթ») տաղավար, որտեղ մասնակիցները, միացնելով կտորները կստանան ծածկոց, որի յուրաքանչյուր կտոր նվիրված կլինի ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին,
● քննարկման տաղավար, որտեղ անցորդներին հնարավորություն կտրվի արտահայտել իրենց կարծիքը, ամփոփել օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունն ու տպավորությունները:
Միջոցառումը կավարտվի ժ. 21:30-ին:
Մայիսի 18-ին, ամբողջ աշխարհում 31-րդ անգամ կվառվեն մոմեր` ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների: Դա կոչ է`համախմբվելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում եւ հարգելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արժանապատվությունը: Այս արարողությունը կարեւոր նշանակություն ունի ՁԻԱՀ-ից մահացածներին հիշատակելու, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցություն ցուցաբերելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու համար:






