Հուլիսի 29-ին, ժ 21։00–ին Հյուսիսային պողոտայում «Բարի մամա» կազմակերպության բարեգործական միջոցառման ժամանակ գողացել են «Բարի տնակ» կենտրոնի համար հանգանակած գումարը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց «Բարի մամա» բարեգործական կազմակերպության հիմնադիր Մարինե Ադուլյանը։

Նա հայտնեց, որ հանգանակություն է կազմակերպվել հուլիսի 28 եւ 29-ին «Մանկական Bari Fest»-ի շրջանակում։

«Որպեսզի մեր կատարած աշխատանքը ավելի կենտրոնացված լիներ, մենք «Բարի մամա» բարեգործական կազմակերպությանը կից ստեղծեցինք «Բարի տնակ» ներառական կենտրոնը, որտեղ էլ պիտի կատարվեն հանգանակություններ», - ասաց նա։

Ըստ նրա, հուլիսի 28-ին հավաքվել է մոտ 1,2 մլն․դրամ։ Գողացվել է միայն հուլիսի 29-ի հանգանակությունը, որը կազմել է մոտավորապես 600-700 հազար դրամ։ Այդ գումարով նախատեսվում էր «Բարի տնակ» կենտրոնի մոտ 450 քառ/մ տարածքի համար գնել լամինատե մանրահատակ։

«Ես համոզված եմ, որ այդ 600-700 հազար գումարը մեր կողքին մշտապես կանգնած մարդիկ կլրացնեն, մեզ մենակ չեն թողնի: Բայց նաեւ շատ եմ ուզում, որ այդ տականքը ոչ թե կալանավայրում իր պատիժը ստանա, այլ դրա փոխարեն ամեն օր մեզ հետ միասին երեխաների հետ լինի ու նայի իրենց աչքերին: Սա տուշոնկայի նման մի բան է: Որ մարսել չի լինում ու չի ստացվելու» - ասաց նա։

Մարինե Ադուլյանը հայտնեց, որ ոստիկանությունը  ներկա պահին փնտրում է հանցագործին։

«Բարի մաման» հայ մայրիկների ջանքերով ստեղծված կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է աջակցել հաշմանդամության պատճառով լքված եւ մանկատներում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաներին: