«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը միավորելու է Հայաստանում գործող մի շարք բարեգործական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են քաղցկեղով հիվանդների բուժումը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց հիմնադրամի մանկաբույժ, օնկոլոգ Գեւորգ Թամամյանը:

Նրա խոսքով, հիմնադրամը գործում է 2014 թվականից, իսկ հուլիսի 27-ին տեղի ունեցավ գալա ընթրիք – շնորհանդես, որը կազմակերպության «վերածնունդն էր»: Գեւորգ Թամամյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի ծրագրերի մասին առայժմ շատ բան ասել չի կարող, դրանք դեռ մշակման փուլում են:

Նա հայտնեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի կազմում ընդգրկվել են 15 հոգի, այդ թվում՝ «Առողջության կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆունդ 100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը եւ հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը եւ այլք: Հոգաբարձուների խորհրդի նախագահն է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մոտ երկու ամիս առաջ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների ու մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ որոշվել էր բարեգործական հիմնադրամների եւ ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ, որը կկոորդինացնի աշխատանքները եւ հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների եւ անհատների անունից: