Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանդես է եկել ներմուծողին առնչվող պարզաբանմամբ, որի «շնորհիվ» արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամիսը հայտնվել է խանութների վաճառասեղաններին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ ներմուծողը հայտնի է, սակայն նրա անունը չի հրապարակվի մինչեւ քննության ավարտը:

Արդյունաբերական վերամշակման միսը պարտադիր պետք է անցնի ջերմային մշակում: Այն հիմնականում օգտագործում են  երշիկեղենի եւ պահածոների արտադրությունում: Մինչդեռ անբարեխիղճ ներմուծողների եւ իրացնողների պատճառով, տեխնիկական թռչնամիսը առանց որեւէ մակնշման բացահայտ վաճառվում է սուպերմարկետներում եւ արագ սննդի կետերում՝ հիմնականում աղացած: Ստացվում է, որ սպառողն իրազեկված չէ վաճառվող ապրանքի իրական որակի մասին: 

Հավելենք, որ դեռեւս 10 օր առաջ լրատվամիջոցներում էին հայտնվել առաջին հրապարակումներն այն մասին, որ այդ թռչնամիսը հայտնվել է մանրածախ վաճառքում: