Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը ինքն իրեն հակասում է: Խոսքը մանրածախ վաճառքում արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամսի հայտնվելու փաստի մասին է, ինչի մասին լրատվամիջոցները գրում են արդեն 10 օր:

Հուլիսի 31-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսում Ավետիսյանը մեկնաբանեց NEWS.am Medicine-ի հուլիսի 30-ի՝ «Լրատվամիջոցների հրապարակումից հետո ՍԱՊԾ-ն ստուգում է «Կուրնիկով» թռչնամսի որակը» հրապարակումը: Հավելենք, որ տվյալ հոդվածը գրելուց առաջ NEWS.am Medicine-ի թղթակիցը դիմել էր Գեորգի Ավետիսյանին՝ այս թեմայով մեկնաբանություն կատարելու խնդրանքով:

Լրագրողի հետ զրույցում Ավետիսյանը հետեւյալն ասաց. «Մենք պետք է ներմուծողին գտնենք», որից, բնականաբար, հետեւում է, որ դեռեւս նախօրեին ներմուծողի անունը ՍԱՊԾ ղեկավարին հայտնի չէր:

Սակայն այսօր ֆեյսբուքյան մամուլի ասուլիսում Ավետիսյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ նման բան չի ասել, եւ իրականում ներմուծողի անունն իրեն հայտնի է, եւ ինքն անգամ նրա հետ հանդիպել է: