Ջոն Հոփքինսի Առողջության պահպանման կենտրոնի (ԱՄՆ) գիտնականները համավարակի ճշմարտանման սցենար են մշակել, որն առաջացրել է Clade X գրիպի մտացածին վիրուսը, որն իր վարակունակությամբ եւ ախտածնությամբ նման է ատիպիկ թոքաբորբի հարուցիչին: Պարզվել է, որ բռնկումից հետո 2 տարի անց հիվանդությանը զոհ կգնա 150 մլն մարդ, իսկ ինֆեկցիան զսպելու եւ պատվաստանյութեր մշակելու անբավարար ջանքերի դեպքում՝ 900 մլն մարդ:

Clade X-ը պարագրիպի  վիրուսի նոր տեսակ է. հիվանդների մոտ հազ է սկսվում, բարձր ջերմությունը են ունենում, եւ բորբոքվում են գլխուղեղի հատվածները, ինչպես տեղի է ունենում էնցեֆալիտի ծանր ձեւի դեպքում: Ըստ փորձի սցենարի՝ գիտնականները հայտնաբերել են հիվանդության առաջացման պատճառը, սակայն չեն կարողացել գտնել վիուսի դեմ պատվաստանյութը:

Հետազոտության ընթացքում հարցազրույցներ են անցկացրել ԱՄՆ կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ որոշելու համար, թե նրանք ինչ միջոցառումներ են պատրաստ ձեռնարկել նոր համավարակի առաջացման դեպքում: Հարցման մասնակիցները կարող էին օգտագործել միայն այն ռեսուրսները, որոնք նրանց հասանելի են այսօրվա դրությամբ: Արդյունքում գիտնականները պարզել են, որ կառավարությունը պատրաստ չէ նոր վիրուսի դեմ պայքարին:

Սցենարի համաձայն՝ Clade X պարագրիպի առաջացրած նոր ատիպիկ ինֆեկցիայի հայտնվելուց հետո մեկ ամիս անց առողջապահական կազմակերպությունները հայտնաբերել են հիվանդության 400 եւ մահվան 50 դեպք: Համաճարակը տարածվել է Գերմանիայում եւ Վենեսուելայում: Օրվա վերջին, ինչը համարժեք էր համաճարակը սկսվելուց հետո 20 ամսվան, աշխարհում մահացել է 0,15 մլրդ մարդ, իսկ ԱՄՆ-ում՝ 15-20 մլն: Պատվաստանյութի բացակայությամբ մահացությունը շարունակել է աճել, ինչի հետեւանքով մահացել է Երկրի բնակչության մինչեւ 10 տոկոսը:

Գիտնականների խոսքով՝ հատուկ տագնապ է հարուցում այն, որ Clade X-ը ավելի վարակիչ ու մահաբեր չէր, քան SARS-ը՝ ծանր սուր շնչառական համախտանիշը կամ ատիպիկ թոքաբորբը: 2002-2003 թվականներին SARS կորոնավիրուսը վարակել էր ավելի քան 8 հազար մարդու եւ սպանել վարակվածների 10 տոկոսին:

Նմանակումը մշակողների մտահղացմամբ՝ ինֆեկցիոն ագենտը նույնպես ուներ Արեւմտյան Նեղոս տենդի վիրուսի գեները եւ մշակվել էր բիոահաբեկիչների խմբի կողմից: