Հայաստանում 2018 թվականի հունիսին անցյալ տարվա հունիսի համեմատությամբ աղիքային ինֆեկցիաներով հիվանդացությունը 1,1 անգամ աճել է, իսկ կոնկրետ դիզենտերիան՝ 4 անգամ: Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հիվանդացության նույն ցուցանիշները պահպանվել են նաեւ հուլիսին՝ նվազման միտումով: «Մենք կարող ենք ասել, որ մեզ մոտ հիմա աղիքային ինֆեկցիաների իմաստով կայուն վիճակ է»,- ասաց նա:
Հայաստանում մասնավորապես 2017 թվականի հունիսին գրանցվել է աղիքային ինֆեկցիայի 988 դեպք, իսկ այս տարվա հունիսին՝ 1107 դեպք: Անցյալ տարի գրանցվել է շիգելեզի 33 դեպք, այս տարի՝ 110: Ինֆեկցաները, որոնք պայմանավորված են կոնկրետ շիգելա զոնեի հարուցիչով, անցյալ տարի կազմել են 11 դեպք, իսկ այս տարի՝ 48:
Լիանա Թորոսյանը նշեց, որ 2018 թվականի ամռանը հվանդացության աճը պայմանավորված է շոգով եւ սննդային գործոնով: Չնայած ջրի որակի վերաբերյալ Երեւանի որոշ համայնքների բնակիչների գանգատներին, հսկիչ մարմինները մայրաքաղաքում խմելու ջրի որակական ցուցանիշներում շեղումներ չեն հայտնաբերել: Ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, եթե վարակումը ջրով պայմանավորված լիներ, ապա աղիքային ինֆեկցիաների բռնկումները տեղային կլինեին՝ վարակվածների մեծ թվով: Մինչդեռ այսօր հանրապետությունում հիվանդությունը գրանցվում է մեծ ցրվածությամբ:
Մասնագետը հայտնեց, որ միակ տեղային բռնկումը, որը ջրի գործոնով էր հարուցված, գրանցվել է Լոռիի մարզի Սարամեջ համայնքում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ինֆեկցիան չի տարածվել համայնքի սահմաններից դուրս, հիվանդների մեծ մասն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել:
Լիանա Թորոսյանը նշեց, որ սննդային գործոնն է մատնացույց անում այն, որ աղիքային ինֆեկցիայի հարուցիչների թվում գերակշռում է շիգելա զոնեն: Նա խորհուրդ տվեց որպես կանխարգելման միջոց շատ ուշադիր լինել սնունդի ընտրության, գնումների, պատրաստման եւ պահպանման հարցերում: Մասնագետը կոչ արեց պատրաստել թարմ մթերքներից, փոքր չափաբաժիններով, որպեսզի պատրաստվածը միագամից մեկ անգամ ուտեն:






