Հայաստանի կառավարությունը պետք է այսօրվանից պատրաստ լինի պետական միջոցներից գումար հատկացնել՝ ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի համար։ Հակառակ դեպքում այն կարող է մի օր փաստի առաջ կանգնել։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողներին ասաց Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության ջատագովության մասնագետ Օլյա Ալեքսանդրովան։
Նա ասաց, որ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակակիրների քանակը տարեցտարի աճում է, եւ ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման համար ֆինանսավորում է անհրաժեշտ, որն այս պահին հատկացնում են դոնոր կազմակերպությունները, մասնավորապես, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը։ Սակայն այդ ֆինանսավորումը մի օր դադարելու է, եւ կառավարությունը ստիպված է լինելու իր վրա վերցնել անհրաժեշտ դեղորայքի գնումները։ Օլյա Ալեքսանդրովայի կարծիքով, կառավարությունը դրան պետք է հենց այսօրվանից պատրաստվի, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնի, չէ՞ որ բացառված չէ, որ գնումների մեխանիզմները կարող են կարգավորված չլինել, կամ բյուջեյի գումարները կարող են չբավականացնել։
Իր հերթին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման եւ հետազոտության խմբի համակարգող Հովհաննես Մադոյանն ասաց, որ Գլոբալ հիմնադրամի կողմից 2015 թվականից Հայաստանի առջեւ պայման է դրված. Որպեսզի միջազգային ֆինանսավորումը շարունակվի, ընդհանուր ծրագրի 40 տոկոսը պետք է ֆինանսավորվի պետության կողմից։
Նա նաեւ նշեց, որ այս ծրագիրը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այն յուրաքանչյուր օր կյանք է նվիրում 600 հոգու, որոնց թիվը մինչեւ 15 թվականը կհասնի 1000-ի։ Այդ 1000 հոգին, ըստ Մադոյանի, մեծ մասամբ երիտասարդներ են, եւ նրանցից շատերն ունեն ընտանիքներ ու երեխաներ, այսինքն, «խոսքը գնում է ոչ միայն այդ մարդկանց կյանքը պահպանող բուժման մասին, այլ նրանց երեխաների չորբանալու եւ առողջ երեխաներ ունենալու մասին»։
«Սա մի ոլորտ է, որտեղ ներդրում կատարելով, պետությունը կարող է կոնկրետ արդյունք տեսնել», - ասաց Հովհաննես Մադոյանը։
Օլյա Ալեքսանդրովան նաեւ պատմեց, որ որոշ երկրներում պետությունն արդեն իր վրա է վերցրել ՄԻԱՎ-ի բուժման համար դեղորայք գնելու ֆինանսավորումը։ Օրինակ, Ղազախստանը արդեն 100 տոկոսով ֆինանսավորում է ՄԻԱՎ-ի բուժման դեղորայքի գնումները։ Ադրբեջանը նույնպես պլանավորում է 2014 թվականից իր վրա վերցնել այդ գնումները, իսկ Ուկրաինայում պետությունը ֆինանսավորում է գնումների 80 տոկոսը։ Հայաստանում, հիշեցրեց Օլյա Ալեքսանդրովան, այսօր այդ դեղորայքը գնվում է միայն Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ։






