Հայաստան ներմուծվող թռչնամսի շուրջ խճճված պատմությունը է՛լ ավելի շատ է հարցեր առաջացնում:

Օգոստոսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը նշեց այն փաստը, որ արդեն ավելի քան երկու շաբաթ հանրությունը չի կարողանում իմանալ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամիսը ներմուծողի անունը: Սա առավել եւս տարօրինակ է, քանի որ ներմուծողներն անցնում են սահմանապահ ստուգում, իսկ ներմուծողների ցուցակները պետք է լինեն իրավասու մարմնի մոտ:

«Ստացվում է, որ առեւտրի կետերում իրացվում է անհայտ ծագման թռչնամիս»,- հայտարարեց փորձագետը:

Ընդ որում, ինչպես նշեց Գրիգորյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հակասական տեղեկատվություն է բարձրաձայնում: «Սկզբում նրանք ասում էին, որ ներմուծողին պետք է գտնեն, հետո հայտարարեցին, որ նման բան չեն ասել, իսկ ներմուծողն իրենց հայտնի է: Ընդ որում՝ նրանք հրաժարվում են ներմուծողի անունը հրապարակել մինչեւ քննության ավարտը: Այս ամբողջ կցկտուր տեղեկատվությունը է՛լ ավելի շատ է հարցեր առաջացնում, որոնք արդյունքում անպատասխան են մնում»,- նշեց նա: Գրիգորյանը տարօրինակ համարեց այն փաստը, որ իրավասու մարմինը արդյունաբերական վերամշակման թռչնամսի վաճառքի մասին տեղեկանում է համացանցից եւ լրատվամիջոցներից: Սակայն նույնիսկ այդ դեպքում ՍԱՊԾ ղեկավարը ոչ միանշանակ է արձագանքում այդ տեղեկություններին՝ «Ֆեյսբուքի» իր ստատուսներով կոչ անելով տվյալ հարցի համար չանհանգստանալ եւ ժպտալ:

Մինչդեռ Հայաստանի թռչնաբույծների միությունը բազմիցս փորձել է ուշադրություն հրավիրել ռուսական «Կուրնիկով» թռչնամսի որակի վրա, որն «աչքի է ընկնում» մեկ կիլոգրամ զանգվածին սառույցի մեծ պարունակությամբ եւ կասկածելի ցածր գնով:

Փորձագետը նաեւ կարծում է, որ վերջին 2 ամիսներին լրատվամիջոցները քիչ են ակտիվ եւ պակաս սրությամբ են լուսաբանում սննդամթերքի անվտանգության հետ կապված նորությունները: «Նման իրավիճակը հանրության շրջանում միայն վախ եւ անվստահություն է առաջացնում»,- հավելեց Գրիգորյանը: