Մենք բոլորս ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, սակայն հիվանդանոցներում կոռուպցիայի դեպքեր հայտնաբերելուց հետո առողջապահության նախարարը պետք է այդ գործերը փոխանցի համապատասխան կառույցներին, իսկ ինքը զբաղվի ավելի գլոբալ բաներով՝ առողջապահության քաղաքականության մշակմամբ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆՄ) ղեկավար Սամվել Զաքարյանը:

Նա հավելեց, որ այս ամբողջ ժամանակահատվածում իրենք ըմբռնումով ու համբերատար սպասում են, սակայն շուտով նոր կառավարության աշխատանքի արդեն 100 օրը կլրանա, մինչդեռ դեռեւս չկան շատ շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ դեղերի ոլորտում: «Նոր իշխանության գալով՝ մենք ավելի օպերատիվ աշխատանք ենք սպասում, ավելի ակտիվ աշխատանք ներքեւների հետ, որտեղից պետք է ստացվեն առաջարկները»,- ասաց նա:

Սամվել Զաքարյանը հայտնեց, որ ԴԱՆՄ-ը մի քանի անգամ դիմել է Առողջապահության նախարարություն նախարարի հետ հանդիպում կազմակերպելու համար, ի վերջո՝ հանդիպումը նշանակվել է, սակայն նախարարն այդպես էլ չի կարողացել հանդիպմանը գալ: Հանդիպումն անցկացրել է փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, եւ այդ հանդիպման արդյունքով Սամվել Զաքարյանն այնքան էլ գոհ չէ:

Միության ղեկավարին մտահոգում է այն փաստը, որ նոր կառավարությունում փոխնախարարներից ցածր մնացել են նույն աշխատակիցները, որոնք արդեն 5-6 նախարար են փոխել, եւ եղել են բոլոր վատ փորձարկումների մասնակիցները, որոնք եւ  առողջապահության ոլորտում տապալման են հանգեցրել: «Եվ արդեն թե՛ նախարարի, թե՛ փոխնախարարի խոսքում նույն արտահայտություններն ու տեսակետներն են նկատվում, որոնք նույն աշխատակիցների փոխացումով ասել են նախկին նախարարները: Ես ենթադրում եմ, որ ամբողջ տեղեկատվությանը չտիրապետելով, մասնավորապես դեղերի մասին, նրանք ընդունում են այն տեղեկությունները, որոնք իրենց են ներկայացնում վարչությունների պետերը կամ բաժինների պետերը, եւ դրանք ճշմարտացի են համարում: Բացի տեղեկությունների տրամադրումից, նրանք նաեւ որոշումներ են ուղորդում»,- նշեց նա՝ հավելելով, որ փոխնախարարներից ցածր աշխատում են մարդիկ, որոնք մտածում են, որ այս իշխանությունը եւս կգնա, իսկ իրենք էլի մնան: «Նրանք ոչ մի ճկունություն, ոչ մի էնտուզիազմ եւ ինովացիոն գաղափարներ չունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ ԴԱՆՄ-ը հենց սրա մեջ է տեսնում հիմնական վտանգը եւ ԱՆ ղեկավարությանը կոչ է անում աշխատել ուղղակիորեն մասնագիտական միությունների եւ ասոցիացիաների հետ՝ շրջանցելով նախարարության միջին օղակին, որը, նրա կարծիքով, կարող է աշխատանքը պարզապես սաբոտաժի ենթարկել:

Սամվել Զաքարյանը հիշեցրեց, որ ԱԱՀ-ից դեղերն ազատելու հարցը դեռեւս նախորդ կառավարության ժամանակ խորհրդարանում բարձրացրել էր «Ելք» դաշինքը, որի ղեկավարն էր ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի ուշ պաշտոնը ստանձնելիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւս խոստացավ, որ այս հարցը կքննարկվի: Սակայն մինչեւ հիմա e-draft կայքում տեղադրված է միայն պետգնումների դեպքում դեղերը ԱԱՀ-ից ազատելու մասին որոշման նախագիծը, որը քննարկվել է դեռեւս նախորդ կառավարության օրոք: Սամվել Զաքարյանի խոսքով՝ տվյալ հարցի լուծման վերաբերյալ նոր առաջարկներ առայժմ չկան:

«Եթե պետությունը խնայած միջոցները մի գրպանից մյուսն է դնում, ապա դրանից շահում է միայն պետությունը, իհարկե՝ խնայած միջոցների հաշվին հնարավորություն ստանալով ավելի շատ դեորայք գնել կամ ավելի թանկարժեք դեղորայք: Մինչդեռ, եթե դեղերի ամբողջ շրջանառությունն է ազատվում ԱԱՀ-ից, ապա խոսք է գնում 16.7 մլն դոլարի մասին: Պետության համար սա մեծ գումար չէ, սակայն բնակչության համար սա մեծ փող է: Եվ այս քայլը թե՛ սոցիալական տեսանկյունից, թե՛ որպես փիառ նոր կառավարության համար լուրջ քայլ կլիներ»,- նշեց փորձագետը:

Նա հիշեցրեց, որ դեռեւս անցյալ տարի կառավարությունում ԱԱՀ հարցը քննարկելիս կառավարության անդամները կասկած էին հայտնում, որ տվյալ հարկատեսակից դեղերն ազատելու դեպքում տնտեսվարողները զգալիորեն կնվազեցնեն դեղերի գները: Կառավարությունում հաջորդ հանդիպմանը երաշխիքներ ներկայացնելու համար Սամվել Զաքարյանը բերել է դեղագործության ոլորտի մի քանի խոշոր խաղացողների, որոնք հավաստիացրել են, որ գները կնվազեցնեն գոնե հարկի չափով՝ 20 տոկոսով:

Այն մտավախությունների առիթով, թե դեղերն ԱԱՀ-ից ազատելը կբերի բյուջեի մուտքերի կրճատման, ԴԱՆՄ ղեկավարը հավաստիացրեց, որ մուտքերը չեն կրճատվի վաճառքի մեծացման հետեւանքով աճող եկամտահարկի հաշվին:

Միության ղեկավարը հավելեց, որ այս հարկի պատճառով մեր դեղագործական ընկերությունները չեն կարողանում մրցակցել ԵՏՄ-ից ընկերությունների հետ, եւ Հայաստանում չի լուծվում դեղերի հասանելիության հարցը: Հարեւան Վրաստանում դրանք կրկնակի էժան են վաճառվում, այնտեղ էժան են նաեւ բուժծառայությունները, նույնպիսի վիճակ է նաեւ տուրիստական հատվածում, այս պատճառով էլ հայերը հիմա Վրաստան են գնում բուժվելու, վերականգնողական բուժում ստանալու, հանգստանալու, իսկ վերջում իրենց հետ բերում են դեղերի որոշակի պաշար: «Այնպես որ, դեղերի ԱՀԿ-ի մուլտիպլիկատիվ էֆեկտը հարվածում է մեր ամբողջ տնտեսությանը»,- ասաց նա:

Մինչեւ հիմա չլուծված մնացած երկրորդ հարցը տեղական արտադրողների համար դեղերի կրկնակի գրանցման գների նվազեցման հարցն է՝ 900 հազար դրամից մինչեւ 250 հազար դրամ: Այս որոշման նախագիծը վաղուց պատրաստ է, որի ընդունումը, Սամվել Զաքարյանի կարծիքով, Ֆինանսների նախարարության հետ երկար քննարկումներ չի պահանջում: «Անհրաժեշտ է պարզապես բարի կամք դրսեւորել եւ դա անել: Արդեն երկրորդ տարին անընդմեջ տեղական արտադրողները կրկնակի գրանցման համար 900 հազար դրամ են վճարում, սակայն նրանցից շատերը էժանագին դեղեր  եւ ամենօրյա օգտագործման պարագաներ են արտադրում, եւ սա նրանց համար մեծ գումար է»,- ասաց նա: Միության ղեկավարը հավելեց, որ նման մոտեցման դեպքում Հայաստանում տեղական փոքր արտադրողները պարզապես էժան դեղամիջոցների հատվածը կզիջեն բելառուական կամ ռուսական արտադրողներին, որոնք իրենց կառավարություններից արտոնություններ կամ սուբսիդիաներ են ստանում:

Ըստ Սամվել Զաքարյանի՝ տեղական արտադրողները ոչ մի արտոնություն չեն ստանում նաեւ պետական գնումների ժամանակ, եւ սա պատճառաբանվում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության խիստ պահանջներով: Սակայն, մասնագետի խոսքով, պետությունը պետք է տեղական արտադրողին աջակցելու հնարավորություններ գտնի, ինչպես նաեւ նրա շահերի լոբբինգ անի ԵՏՄ երկրների շուկայում: Օրինակ, նրա խոսքով, Ռուսաստանը այդ երկիր այլ երկրներից դեղ ներմուծելիս պահանջում է իր տարածքում կլինիկական փորձարկումներ անցկացնել: Իսկ Ռուսաստանում նման փորձարկումները մեր արտադողների համար շատ թանկ արժեն:

«Նախարարությունը դեղերի քաղաքականության ահա այս հարցերով պետք է լրջորեն զբաղվի»,- ասաց Սամվել Զաքարյանը՝ եւս մեկ անգամ նշելով, որ ԱՆ ղեկավարությունը պետք է սերտորեն աշխատի մասնագիտական ասոցիացիաների, ոլորտի առաջնորդների, բուժհաստատությունների ղեկավարների, գլխավոր մասնագետների հետ, որոնք կհուշեն ճիշտ որոշումները: «Եթե դուք ժողովրդի ընտրած կառավարությունն եք, մեզ հետ երկխոսություն հաստատեք, լսեք մեր ձայնը. նախորդ կառավարությունը տապալվեց հենց այն պատճառով, որ փակվեց ժողովիդից, մեկուսացավ նրանից»,- ասաց նա: