Հինայից ժամանակավոր դաջվածքներն առողջության համար վտանգավոր են, քանի որ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց մաշկավեներոլոգ Սահակ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հինայից ժամանակավոր դաջվածքները կարող են դառնալ կոնտակտային ալերգիկ մաշկաբորբի, ինչպես նաեւ երկրորդական ինֆեկցիաների տեսքով բարդությունների պատճառ:
Հակոբյանը նշեց, որ նման դեպքերը բավականին հաճախ են հանդիպում, հատկապես երեխաների շրջանում, որոնց վրա հինայով նկարում են կենդանիների կամ մուլտֆիլմերի հերոսների:
Մինչդեռ առաջին հայացքից այդ անվնաս դաջվածքները կարող են բորբոքային պրոցեսներ առաջացնել, որոնք բուժում են պահանջում մասնագետի մոտ:






