Հայաստանում այս տարի օձի խայթոցի մոտ 12 դեպք է գրանցվել, ընդ որում դեպքերի մեծ մասը՝ Արմավիրի եւ Արարատի մարզերում։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։
Նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է 85 դեպք, որոնցից 26-ը բուժում են ստացել «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունքում։ 2012 թվականին հանրապետությունում եղել է մոտ 130 դեպք, իսկ հիվանդանոցում՝ 34 դեպք։
Այս տարի խայթոցների սեզոնը դեռ նոր է սկսել, սակայն, ըստ գլխավոր թունաբանի, օձի խայթոցների թիվը երկրում չի աճել։ Ավելին՝ այս տարի խայթոցների թիվը կարծես նվազել է անցած տարվա համեմատ, ինչը, Միքայել Գաբրիելյանի կարծիքով, կարելի է բացատրել նրանով, որ եղանակը հիմա փոփոխական է եւ օձերի համար անբարենպաստ։ Բացի այդ, մարդիկ, ըստ Գաբրիելյանի, ավելի զգույշ են դարձել, եւ գուցե դա էլ է նպաստում խայթոցների թվի նվազմանը։
Այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունքում օձի խայթոցով ընդամենը 1 հիվանդ կա։ Նա արդեն լավ է իրեն զգում եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, ասաց գլխավոր թունաբանը։
Այս տարի եւ նախորդ տարի օձի խայթոցից մահվան դեպքեր չեն գրանցվել։






