Ջրծաղիկի հիվանդացության ցուցանիշների աճ Հայաստանում չի գրանցվել, դպրոցներում եւ մանկապարտեզներում այսօր գրանցված դեպքերը պայմանավորված են օդակաթիլային վարակներին բնորոշ սեզոնայնությամբ: Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բժիշկ-համաճարակաբան Կարինե Քոչարյանը։ Ըստ մասնագետի, ջրծաղիկի հարուցիչն ակտիվանում է աշնանը, ձմռանը եւ գարնան սկզբին: Այն բավականին արագ տարածվում է օդակաթիլային ճանապարհով:
Հիվանդությունը մահացու չէ, ընթացքն այնքան էլ ծանր չէ։ Ջրծաղիկով հիմնականում ախտահարվում են մինչեւ 10 տարեկան երեխաները, թեպետ մեծահասակները եւս կարող են վարակվել, եւ նրանք ավելի ծանր են տանում հիվանդությունը։ Հազվադեպ է պատահում, երբ մեկ անգամ ջրծաղիկ տարած մարդը նորից է վարակվում է:
Ջրծաղիկի գաղտնի շրջանը առավելագույնը 21 օր է։ Ջրծաղիկի նախանշաններն են՝ բարձր ջերմությունը, մարմնի վրա թափանցիկ հեղուկով լցված պարկերը: Մասնագետը նաեւ հիշեցրեց, որ վարակված մարդը պետք է խուսափի գրգռիչ սնունդ օգտագործելուց եւ խմի շատ հեղուկներ: Նրա սպասքը պետք է առանձնացված լինի։
Կարինե Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ ջրծաղիկի պատվաստում աշխարհում կա, բայց` շատ թանկ արժե, այդ պատճառով էլ այն ընդգրկված չէ պատվաստումների հայստանյան օրացույցում:






