Հայաստանում տարածված ամենաթունավոր օձերն են հայկական իժն ու գյուրզան։ Պատշաճ օգնություն չցուցաբերելու դեպքում նրանց խայթոցները կարող են մահվան պատճառ դառնալ։

Ի՞նչ է հարկավոր անել օձի խայթոցի դեպքում։ Այս մասին լրագրողներին պատմեց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

• Առաջին հերթին գլխավոր թունաբանը խորհուրդ է տալիս տուժածին հորիզոնական դիրք տալ եւ անշարժացնել, քանի որ եթե նա քայլի կամ շարժվի, դա կնպաստի թույնի տարածմանը օրգանիզմում եւ կվատացնի նրա վիճակը։

• Հետո պետք է բերանով արտածծել վերքից թույնը եւ թքել այն։ Այսպես կարելի է դուրս բերել թույնի մոտ 30 տոկոսը, ինչը զգալիորեն կլավացնի տուժածի վիճակը։ Ըստ Միքայել Գաբրիելյանի՝ այս թույները արտածծողի համար վտանգավոր չեն, եթե նա, իհարկե, չունի արյունահոսող խոց ստամոքսում կամ արյունահոսող վերք՝ բերանի խոռոչում։

• Շատ կարեւոր է տուժածին որքան հնարավոր է շուտ հասցնել մոտակա հիվանդանոցը, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն եւ հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որ հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա գոնե 6 ժամվա ընթացքում, նշեց գլխավոր թունաբանը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ որքան շուտ տուժածը հասնի հիվանդանոց, այնքան կմեծանան նրա՝ ապաքինվելու շանսերը։

Ըստ Միքայել Գաբրիելյանի՝ երկրի բոլոր հիվանդանոցներն ու բուժհիմնարկները ապահովված են հակաթույնով՝ անտիգյուրզինով, այսպիսով, տուժածին կարելի է տանել ցանկացած մոտակա բուժհաստատություն։

Իսկ ի՞նչ չի կարելի անել ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ։ Ահա թե ինչ նշեց Միքայել Գաբրիելյանը.

• Կապել խայթոցը չի կարելի։

• Ժգուտ դնել չի կարելի։

• Խայթոցի տեղում կտրվածք անել նույնպես չի կարելի։

• Խայթոցի տեղն այրել չի կարելի։

Ինչպես նշեց Միքայել Գաբրիելյանը, շատ է խոսվել այն մասին, որ վերը նշված բաները չի կարելի անել, բայց մարդիկ չգիտես ինչու շարունակում են նման բաներ անել։

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ օձի խայթոցը։

Եթե հիվանդին ժամանակին հասնցնել հիվանդանոց եւ ոչ մի չթույլատրվող գործողություն նրա հետ չանել, խայթոցը տուժածի առողջության վրա հետեւանքներ չի ունենա, ասաց Միքայել Գաբրիելյանը եւ զգուշացրեց, որ ամբողջական ռեաբիլիտացիան ամեն դեպքում բավական երկար է տեւում՝ 6 ամսից մինչեւ 1 տարի։