Կրծքով կերակրումը նվազեցնում է ինսուլտի վտանգը, ընդ որում, որքան երկար է կինը կերակրում, այնքան վտանգն ավելի քիչ է: Միջինում կրծքով կերակրող կանայք  23 տոկոսով ավելի հազվադեպ են բախվում այդ վտանգավոր վիճակին, քան նրանք, ովքեր իրենց երեխաներին կերակրել են արհեստական խառնուրդներով կամ ընդհանրապես չեն ծննդաբերել, պնդում են Կանզասի համալսարանի գիտնականները:

Իրենց եզրակացություններն այս ուսումնասիրության հեղինակներն արել են ավելի քան 80 հազար միջին տարիքի կանանց տվյալների հիման վրա: Նրանք բոլորը մասնակցել են պոստկլիմակտերիկ շրջանում կանանց վրա կենսակերպի ազդեցության վերաբերյալ խոշոր ուսումնասիրությանը: Ամեն երրորդ կին ծննդաբերել է, սակայն միայն նրանց կեսից ավելին (58 տոկոսը) է կրծքով կերակրել: Պարզվել է, որ այդ կանանց մոտ ինսուլտի վտանգը նվազել է 23 տոկոսով, նրանց համեմատ, ով չի ծննդաբերել կամ կրծքով չի կերակրել: Ընդ որում, որքան երկար են կանայք կերակրել կրծքով, այդքան ցածր է եղել ինսուլտի հավանականությունը:

Նշենք, որ հետազոտողները միայն ցույց են տվել կապը կրծքով կերակրելու եւ ինսուլտի վտանգի նվազման միջեւ, սակայն պատճառահետեւանքային հարաբերությունները  չեն ապացուցել: Գիտնականները կարծում են, որ կրծքով կերակրումը բազմաթիվ գործոններից մեկն է, որ կարող է պաշտպանել կնոջը ինսուլտից: Այլ գործոնների շարքում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ծխելուց հրաժարվելը եւ ժամանակին բժշկին դիմելը արյան ճնշման, խոլեստերինի եւ շաքարի կայուն բարձրացման դեպքում:

Հիշեցնենք, որ այլ հետազոտություններ ցույց են տվել, որ կրծքով կերակրումը կարող է կրճատել կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի, ինչպես նաեւ 2-րդ տեսակի շաքարային դիաբետի ռիսկը: