«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այսօրվա դրությամբ կապույտ հազով 7 երեխա կա: Նրանցից երեքը 2 ամսականից փոքր են, մնացյալները՝ մինչեւ 1 տարեկան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց ինֆեկցիոնիստ, բոքսային բաժանմունքի ղեկավար Գոհար Թամազյանը:
Մասնագետի խոսքով՝ հիվանդության ակտիվացում սկսել է գրանցվել 2017 թվականի հուլիսից՝ գագաթնակետին հասնելով 2018 թվականի հունվար-փետրվարին: Վերջին 10 տարիներին երկրում կապույտ հազով հիվանդացության եզակի դեպքեր են գրանցվել, ընդ որում՝ հիվանդները եղել են երեք քաղաքներից՝ Չարենցավանից, Հրազդանից եւ Վանաձորից: Այս տարի հիվանդների թիվը շատ ավելին է, եւ նրանք հիվանդանոց են տեղափոխվում տարբեր քաղաքներից: Նա նաեւ նշեց, որ ներկայում Հայաստանում հիվանդության ցուցանիշի անկում է գրանցվում:
Կապույտ հազով հիվանդ երեխաների հստակ թիվը Գոհար Թամազյանը դժվարացավ նշել. բնականաբար՝ նրանց թիվն ավելին է, քանի որ որոշ երեխաներ ամբուլատոր բուժում են ստանում եւ հոսպիտալացման կարիք չունեն:
Մասնագետի խոսքով՝ ներկայում բուժում ստացող բոլոր երեխաները կապույտ հազի դեմ չեն պատվաստվել: 2 ամսականից փոքր երեխաները պարզապես չեն հասցրել պատվաստում ստանալ, իսկ մյուսներին, անհայտ պատճառներով, ծնողները հրաժարվել են պատվաստել:
Ըստ Գոհար Թամազյանի՝ երբեմն պատվաստված երեխաները նույնպես վարակվում են կապույտ հազով, քանի որ մեկ պատվաստումը 100 տոկոսանոց պաշտպանություն չի ապահովում: Սակայն նման երեխաներն ավելի դյուրին են հաղթահարում հիվանդությունը եւ գրեթե երբեք բարդությունների չեն բախվում:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2018 թվականին (հունվար-հուլիսին) Հայաստանում կապույտ հազի 114 դեպք է գրանցվել. երեք անգամ ավելի, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում: Այս տարի նաեւ կապույտ հազից մահացության մեկ դեպք է գրանցվել:






