Քնի խանգարումները կարող են վատթարացումների հանգեցնել օրգանիզմի բոլոր համակարգերում: Սակայն նույնիսկ մի անքուն գիշերը բավարար է, որպեսզի տուժի մարմնի հյուսվածքների կենսաբանական նյութափոխանակությունը, ակտիվանան ճարպային կուտակումները եւ մկանային հյուսվածքի դեգրադացումը: Այս մասին պնդում են Northwestern համալսարանի գիտնականները:
Նրանք ուսումնասիրել են 15 մարդու մաշկատակի ճարպի եւ կմախքային մկանների վիճակը մոլեկուլյար մակարդակում՝ քնի պակասից եւ նորմալ 8-ժամյա քնից հետո: Պարզվել է, որ քնի պակասըը պաթոլոգիական փոփոխությունների է հանգեցրել. մեթիլավորման գործընթացը միաժամանակ փոխվել է գենոմի բազմաթիվ հատվածներում:
Մեթիլավորումը ԴՆԹ-ի մոլեկուլի փոփոխությունն է՝ առանց ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականության փոփոխության: Նշված խանգարումների հետեւանքով անքուն գիշերվանից հետո ճարպային հյուսվածքը սկսում է ճարպ կուտակել, իսկ մկանային հյուսվածքը դեգրադացման նշաններ է ցույց տալիս՝ արյան մեջ շրջանառվող շաքարի օգտագործման թուլացած հնարավորությամբ: Հետեւանք կարող է դառնալ ճարպակալման եւ 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը:






