Հազի բուժման առաջին գիծը պետք է լինի մեղրը եւ առանց դեղատոմսերի դեղերը, այլ ոչ թե՝ հակաբիոտիկները: Այս մասին նշվում է NICE-ի (National Health and Care Excellence Institute՝ Առողջության եւ կատարելագործման ազգային ինստիտուտ) եւ PHE-ի (Public Health England՝ Անգլիայի հանրային առողջություն)՝ բժիշկների համար մասնագիտական առաջարկների նոր նախագծում:

Այս առաջարկները կարող են օգնել լուծել հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության խնդիրը:

Շատ հաճախ հազի պատճառները վիրուսներն են, որոնք հակաբիոտիկներով բուժել չի կարելի: Շատ դեպքերում հիվանդի վիճակը բարելավվում է, եւ հազն ինքնաբերաբար անցնում է 2-3 շաբաթվա ընթացքում եւ առանց որեւէ հակաբիոտիկների: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բրիտանացի բժիշկների 48 տոկոսը հազի կամ բրոնխիտի համար հակաբիոտիկներ է նշանակում:

Մասնագետների կարծիքով՝ շատ դեպքերում հազը հնարավոր է բուժել մեղրով, կոճապղպեղով եւ առանց դեղատոմդի դեղորայքներով, եւ եթե այն 2-3 շաբաթից չանցնի, ապա պետք է դիմել բժշկի, ով անհրաժեշտության դեպքում այլ դեղամիջոցներ կնշանակի: Պետք է նաեւ հիշել, որ մեղրը չի կարելի տալ մինչեւ մեկ տարեկան երեխաներին, քանի որ դրանք երբեմն երեխաների մոտ բոտուլիզմ առաջացնող մանրէներ են պարունակում: