Ներկայումս երեք հիմնական ուղղություններ են գտնվում ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում. դա առաջնային օղակն է, օնկոլոգիան եւ բժշկական ծառայությունների ֆինանսական մատչելիությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երկրում ամբուլատորիաներին եւ կլինիկաների դերի բարձրացումը շատ կարեւոր է, քանի որ դրանք են ընկած կանխարգելիչ բժշկության հիմքում:

«Մենք ձգտելու ենք նրան, որպեսզի հիվանդանոցներից բժշկությունը տեղափոխվի առաջնային օղակ, իսկ հիվանդների բուժումից անցնենք կանխարգելիչ բժշկության», - ասաց նախարարը՝ հավելելով, որ թե տնտեսապես, թե հիվանդների կյանքի որակի տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է կանխարգելել հիվանդությունները, քան բուժել դրանք արդեն այն բանից հետո, երբ հիվանդությունները զարգացել եւ խորացել են:

Օնկոլոգիայի ոլորտը, ինչպես նշեց նախարարը, նույնպես նախարարության ուշադրության կենտրոնում է. օնկոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման, պատշաճ վերահսկման եւ բուժման դերը չի կարելի նվազեցնել:

Իսկ նախարարության աշխատանքի երրորդ ուղղությունը, ըստ Արսեն Թորոսյանի, բնակչության բոլոր հատվածների համար բժշկական ծառայությունների ֆինանսական մատչելիության ապահովումն է՝ անկախ դրանց սոցիալական վիճակից: Այս ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում, սակայն երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ աշխատանքներն արդյունքներ տան, ասաց նախարարը: