Առողջապահական բյուջեն 2019 թվականին կավելանա 10.5 մլրդ դրամով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում առողջապահության ոլորտն իր պահանջներին համապատասխան ֆինանսավորում չի ստանում, սակայն սա միակ խնդիրը չէ. առկա գումարները սխալ են բաշխվում հիվանդանոցների միջեւ եւ հիվանդանոցների ներսում:Հաջորդ տարի, ըստ նախարարի, առողջապահական բյուջեն նախատեսվում է ավելացնել 10.5 մլրդ դրամով, ինչը աննախադեպ աճ է, ինչպիսին չի եղել երկար տարիներ: Նաեւ առկա գումարների բաշխման մեխանիզմների փոփոխություններ են նախատեսվում:
«Գումարները, իհարկե, քիչ են, սակայն մենք կփորձենք դրանք ճիշտ բաշխել», - ընդգծեց նախարարը:
Խոսելով բժիշկների աշխատավարձերի մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանում դրանք իսկապես ցածր են, որոշ բժիշկներ նույնիսկ վազագույն աշխատավարձից ավելի քիչ են ստանում:
«Ես միշտ ասել եմ, որ այն մարդը, որի կյանքի որակը ապահովված չէ, չի կարող հոգ տանել այլ մարդկանց կյանքի որակի մասին: Սա արդարացում չէ, այլ՝ օբյեկտիվ իրականություն, որ մենք պետք է փորձենք փոխել նոր միջոցներ ներգրավման եւ պետական միջոցների ավելացման միջոցով», - ասաց նախարարը:






