Տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներ են օգտագործվում՝ բժշկական ծառայությունները բնակչության համար ավելի հասանելի դարձնելու համար. ինչ-որ տեղ նախապատվություն են տալիս պետպատվերին, ինչ-որ տեղ՝ առողջության ապահովագրությանը, ինչ-որ տեղ համատեղում են տարբեր մեխանիզմներներ: Հայաստանում եւս նախատեսվում է բժշկական ապահովագրություն ներդնել, թեեւ դեռ հայտնի չէ, թե երբ ապահովագրությունը կընդգրկի երկրի ողջ բնակչությունը եւ ինչ պայմաններով այն կաշխատի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ այսօր մասնագետներն արդեն աշխատում են երկրում բնակվող ամբողջ բնակչությունը ծածկող պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման ուղղությամբ, սակայն դեռ հնարավոր չէ ասել, թե երբ այն կսկսվի:
Պարտադիր բժշկական ապահովագրությունը, ինչպես նշեց նախարարը, բխում է հենց երկրի քաղաքացիների շահերից, քանի որ դրա շնորհիվ յուրաքանչյուրը, անկախ եկամտից եւ սոցիալական կարգավիճակի, կկարողանան օգտվել իրեն անհրաժեշտ բժշկական ծառայություններից:Ավելին, ապահովագրության արդյունքներն անմիջապես տեսանելի կլինեն, այլ ոչ թե՝ 30-40 տարի հետո: Անձը (կամ պետությունը կամ գործատուն) ապահովագրության համար ամսական փոքր գումար է վճարում, եւ հենց մարդը բժշկական օգնության կարիք է ունենում, ստանում է այն:
«Արդյունքն անմիջապես տեսանելի է, երբ հիվանդանում ես, այլ ոչ թե՝ տարիներ անց»,- ասաց նախարարը:






