ՀՀ Առողջապահության նախարարությունը վերանայում է երկրում բոլոր ծննդատների մակարդակները. առաջիկա երկու ամիսների ընթացքում մասնագետները կստուգեն ծննդատների՝ սարքավորումներով հագեցվածությունը, վիճակագրությունը, բժիշկների որակավորումները եւ ստացված տվյալների հիման վրա ծննդատների ն 1-ին, 2-րդ, 3-րդ Ա կամ 3-րդ Բ մակարդակներ կտրվեն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ծննդատները պետք է կազմակերպեն իրենց գործունեությունը ստացված մակարդակների հիման վրա, այդպես, որոշ պաթոլոգիաների դեպքում 1-ին եւ 2-րդ մակարդակի ծննդատները ծնունդ ընդունելու իրավունք չեն ունենա. այդ պաթոլոգիան ունեցող կանայք պետք է ծննդաբերեն բացառապես 3-րդ մակարդակի ծննդատներում:
Նախարարը նաեւ նշեց, որ մոտ ապագայում նախատեսվում է բարձրացնել պետության կողմից վճարվող գումարները յուրաքանչյուր ծննդի համար, որպեսզի ծննդատներն իրենց ավելի ապահով զգան եւ կարողանան ավելի շատ գումար վճարել իրենց բժիշկներին:
Ծննդօգնությունը, ըստ նախարարի, երկրում կանանց համար անվճար կլինի, ինչպես նախկինում էր, սակայն որոշ հիվանդանոցներում վճարովի ծառայություններ կլինեն, օրինակ՝ վճարովի պալատներ: Յուրաքանչյուր կին անվճար կծննդաբերի հերթապահ բժշկի մոտ, իսկ եթե նա ցանկանում է ընտրել մեկ այլ բժշկի, ապա դա կլինի օրենքով կարգավորվող վճարովի ծառայություն:
Անվճար ծննդօգնությունը կնոջ համար հասանելի կլինի այն քաղաքում, որտեղ նա ապրում է, որը կարող է տարբերվել այն քաղաքից, որտեղ նա գրանցված է: Սակայն այլ դեպքերում մեկ այլ քաղաքում ծննդաբերության համար կվճարվի պետպատվերով՝ միայն բժշկական ցուցումներով, ասաց նախարարը:






