Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 48 տոկոսն է տեղյակ իր կարգավիճակի մասին: Նրանց 55 տոկոսը հակառետրովիրուսային բուժում է ստանում, իսկ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն է վերջիններիս 68 տոկոսի մոտ: Այս մասին նշվում է AIDS ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրության համաձայն՝ Եվրոպան արդեն մոտ է ՅՈՒՆԵՅԴՍ-ի 90-90-90 նպատակին հասնելու համար: Այդպես, երկու երկրներ (Դանիա եւ Շվեդիա) արդեն հասել են 90-90-90 նպատակին: Որոշ երկրներ մոտ են այս նպատակին, մյուսները, սակայն, դեռ շատ հեռու են:

ՄԻԱՎ վարակի տարածման մասին տվյալներ տրամադրած 37 երկրներում ՄԻԱՎ-ով վարակված մոտ 1.2 միլիոն մարդ ապրում է: Դա Եվրոպայի բնակչության 0,19 տոկոսն է: ՄԻԱՎ վարակի նվազագույն տարածում է արձանագրվել Սլովակիայում (0.02 տոկոս), առավելագույնը՝ Էստոնիայում (0.84 տոկոս): Ռուսաստանում, որը հետազոտողներին իր տվյալները չի տրամադրել, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվն արդեն ավելի քան մեկ միլիոն է (բնակչության 0.69 տոկոսը):

Ախտորոշման հետ կապված իրավիճակն ամենավատն է Տաջիկստանում (38 տոկոս), ամենալավը Ռումինիայում է (98 տոկոս): Բացի Ռումինիայից, առաջին «90»-ի շեմն անցել են նաեւ Դանիան եւ Շվեդիան:Բուժման մատչելիության առումով ամենավատը իրավիճակն է Լատվիայում (27 տոկոսը ստանում են ARVT) եւ լավագույնը՝ Մալթայում եւ Մեծ Բրիտանիայում (96 տոկոս):

Ինչ վերաբերում է չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածությանը, ապա Ալբանիայում այն 32 տոկոս է կազմում, Շվեյցարիայում՝ 97 տոկոս:Այդպես, ըստ հետազոտության, Արեւմտյան Եվրոպայում արդեն հաջողվել է հասնել «84-88-90»-ի, Կենտրոնական Եվրոպայում՝ «84-69-62»-ի, Արեւելյանում՝ «57-45-57»-ի (առանց Ռուսաստանի):

Հիշեցնենք, որ 2014 թվականին UNAIDS-ը նպատակ էր դրել մինչեւ 2030 թվականը կանգնեցնել ՄԻԱՎ-ի համաճարակը: Դա հնարավոր կլինի, եթե մինչեւ 2020 թվականը հասնել «90-90-90» նպատակին, երբ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90 տոկոսը տեղյակ է իր կարգավիճակի մասին, 90 տոկոսը անհրաժեշտ բուժում է ստանում, որից 90 տոկոսը հասել է չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության: