Մեր բոլորի մարմնի վրա լինում են բշտիկներ, այտուցներ, խալեր ու բծեր, եւ մենք հիմնականում արհամարում ենք դրանք։
Բայց որոշ դեպքերում ենթադրյալ անվտանգ բծերը կամ գոյացությունները կարող են լինել առողջության լուրջ խնդիրների նախանշաններ, հայտնում է Newsmax Health-ը։
Կարեւորը նոր ի հայտ եկած բշտիկները եւ բծերը ճիշտ ժամանակին բժշկին ցույց տալն է։ Ինչպես նաեւ պետք է դիմել բժշկի, եթե նկատել եք, որ արդեն առկա բշտիկները եւ բծերը հանկարծ փոխում են իրենց տեսքը։
«Մաշկի վրա առկա բշտիկների եւ այտուցների մեծամասնությունը անվնաս կիստաներ են, բայց ոչ բոլորը»,-ասել է Փալմ-Բիչից մաշկաբան Քեննեթ Բիրը։
«Մենք՝ մաշկաբաններս, շատ այտուցներ եւ բծեր ենք տեսնում, որոնք իրականում բջջային կամ հարթբջջային քաղցկեղներ են։ Դրանցից շատերը վաղ հեռացվում են եւ հեշտությամբ բուժվում, հետեւաբար բժշկին ցույց տալը շատ կարեւոր է»։
Ահա այն հիմնական այտուցներն ու բշտիկները, որոնք կարող են վտանգավոր լինել։
Այտուցներ կրծքի վրա
«Յուրաքանչյուր կինը առնվազն ամիսը մեկ անգամ պետք է ինքնուրույն զննի իր կուրծքը»,-ասել է Նյու Յորքի գլխավոր բժիշկ Էրիկա Շվարցը։
Շոշափելով փորձեք զգալ, կան արդյոք տարբեր այտուցներ, հաստացումներ, կարմրություն մաշկի կամ որովայնի շրջանում, անհամաչափություններ, պտուկի շրջվածություն կամ պտուկից արտաթորանքներ։
Թեպետ հիմնականում կրծքի վրա առկա այտուցները բարորակ են, պետք է անհապաղ դիմել բժշկի, եթե այտուցը նոր է առաջացել եւ տարօրինակ տեսք ունի, եւ տվյալ հատվածը տարբերվում է կրծքի այլ հյուսվածքներից, այտուցը փոփոխվել է՝ ավելի մեծացել կամ արտահայտիչ դարձել, կամ պտուկից կա արյունոտ արտաթորում։ Անհանգստության պատճառ կարող են լինել նաեւ կրծքի վրա առաջացած կարմրությունը, ցանկացած խոռոչ կամ կնճռոտում։
Այտուցներ ամորձիների վրա
«Տղամարդը ամիսը մեկ անգամ պետք է զննի իր ամորձիները, ասել է դոկտոր Էլլեն Կամհին։ «Ավելի լավ է դա անել լոգանքից հետո, երբ ջրի տաքությունը թուլացնում է փոշտը, ինչը ավելի է հեշտացնում այդ գործընթացը»։
Բծեր մաշկի վրա
Մաշկի քաղցկեղի հիմնադրամը խորհուրդ է տալիս ամեն տարի մաշկաբանի մոտ հետազոտվել եւ ամեն ամիս կատարել ինքնուրույն ստուգումներ։
Ստուգեք մարմնի բոլոր հատվածները, անգամ նրանք, որոնք չեն ենթարկվում արեւի ազդեցությանը ՝ գլխի մաշկը, ձեռքերի ափերը, ոտքերի ներբանները, թեւատակերը եւ որովայնը։ Դժվարամատչելի հատվածները զննելու համար օգտագործեք հայելի կամ դիմեք ինչ-որ մեկի օգնությանը։
Փնտրեք.
Անհամաչափություններ. մելանոմաների՝ մաշկի ամենալուրջ քաղցկեղային հիվանդությունների մեծամասնությունը անհամաչափ են։
Սահմաններ. մելանոմաները հաճախ ունեն անկանոն սահմաններ՝ կտրտված եզրերով։ Նորմալ խալերը սովորաբար հարթ սահմաններ ունեն։
Գույնը. եթե այտուցը կամ բշտիկը ունի սեւ կամ շագանակագույն երանգներ, իսկ հետո կարմրում, սպիտակում կամ անգամ կապտում է, ապա անհապաղ պետք է դիմել բժշկի։ Նորմալ խալերը սովորաբար լինում են շագանակագույն։
Տրամագիծ. մելանոմաները հաճախ ավելի լայն են, քան սովորական խալերը. մոտ մեկ քառորդ մատնաչափ (0,64 սմ) տրամագծով։






