2022 թվականից Հայաստանում նախատեսվում է երկու նոր սքրինինգային ծրագիր ներդնել. Մեկն ուղղված է հաստ աղիքի, երկրորդը՝ բերանի խոռոչի քաղցկեղի կանխարգելմանը եւ վաղ հայտնաբերմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Նրա խոսքով՝ հաստ աղիքի քաղցկեղն այսօր աշխարհի ամենաարդյունավետ սքրինինգներից մեկն է համարվում: Փորձագետների կարծիքով՝ այսպիսի սկրինինգի ներդրումը 15 տոկոսով կօգնի նվազցենել հաստ աղիքի քաղցկեղից մահացության դեպքերը:
Սքրինինգը ոչ բարդ ուսումնասիրություն է, որը հայտնաբերում է թաքնված արյունը կղանքում: Արյան հայտնաբերման դեպքում հիվանդը ուղղվում է հետագա փորձաքննության, որոնք կօգնեն նախաքաղցկեղային վիաճակներ ախտորոշել, որոնք կարելի է հաջողությամբ բուժել՝ կանխելով հետագա խնդիրները եւ բարդությունները: Այսպիսով, նախաքաղցկեղային վիճակների կամ քաղցկեղի սկզբնական փուլերի կանխարգելման շնորհիվ հիվանդները բուժվելու եւ ողջ մնալու հնարավորություն են ստանում:
Բերանի խոռոչի քաղցկեղի սքրինինգը, ըստ Դավիթ Մելիք-Նուբարյանի, եւս շատ կարեւոր է, քանի որ Հայաստանում դեռ ծխող մարդկանց թիվը շատ մեծ է, հետեւաբար՝ բերանի խոռոչի եւ շնչուղիների քաղցկեղը շատ տարածվածված է:
Նախատեսվում է նաեւ հաշվարկել, թե որքան կարժենա թոքերի քաղցկեղի սքրինինգային համակարգի ներդրումը: Եթե հնարավորություն լինի, ապա թոքերի քաղցկեղի սքրինինգի ներդրումը եւս կքննարկվի, ընդգծել է փորձագետը:






