ԱՄՆ-ից եւ Սիերա Լեոնեից գիտնականները չղջիկների մոտ Էբոլա տենդի նոր վիրուս են գտել՝ սա առաջին դեպքն է, երբ նոր վիրուսը հայտնաբերում են փոխանցողի, այլ ոչ թե վարակված կենդանու կամ մարդու մոտ: Վիրուսի եւ նրա գենոմի նկարագրությունը հրապարակվել է Nature Microbiology ամսագրում:

Ըստ հայտնաբերման վայրի՝ Բոմբալի անունը (Bombali, կրճատ՝ BOMV) ստացած վիրուսը գտել են ամերիկյան PREDICT նախագծի անդամները, որի խնդիրն է հիվանդության հարուցիչների որոնումը մինչեւ այն, երբ դրանք մարդկանց կվարակեն: 2016 թվականի մարտից սեպտեմբեր տեւած նախագծի շրջանակում գիտնականները Սիերա Լեոնեում 535 կենդանիներից, այդ թվում 244 չղջիկներից նմուշներ են վերցրել: Հեղինակներն ասում են, որ չղջիկների մոտ վիրուսի հայտնաբերումը հաստատում է այն կասկածները, որ հենց նրանք են հիվանդության հարուցիչի բնական շտեմարանը:

Վիրուսը հայտնաբերվել է երկու՝ Chaerephon pumilus եւ Mops condylurus տեսակի 4 միջատակեր չղջիկների մոտ, որոնք ապրել են մարդկանց տներում: Այս տեսակների չղջիկները նախկինում ենթարկվել են զաիրյան էբոլայի վիրուսով փորձարարական վարակման: Սա Էբոլա տենդի 6-րդ նկարագրված վիրուսն է. ինչպես նշվում է հոդվածում, Բոմբալի վիրուսի վիրուսային թաղանթի գլիկոպրոտեինը նրան թույլ է տալիս վարակել մարդկային բջիջները, սակայն առայժմ պարզ չէ՝ դա մարդու համար արդյոք վտանգավոր է եւ արդյոք եղել են վարակման դեպքեր, դրա համար լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում: «Չնայած BOMV-ն մարդկային բջիջները կարող է վարակել, մենք առայժմ վկայություններ չունենք, որ այն կարող է հիվանդություն հարուցել»,- նշված է հոդվածում:

Հոդվածի հեղինակները կոչ են անում չփորձել սպանել չղջիկներին, քանի որ շրջակա միջավայրին հասցված վնասից բացի, դա կարող է միայն մեծացնել վիրուսի տարածման վտանգը: Դրա փոխարեն նրանք տեղի բնակիչներին բացատրել են եւ շարունակում են բացատրել, թե չղջիկների հետ իրենց ինչպես պահեն, որոնք վիրուսը տարածում են թքի եւ կղանքի միջոցով. ձեռք չտալ սատկած չղջիկներին, չուտել այն ուտելիքը եւ չխմել այն ջուրը, որից կերել կամ խմել են չղջիկները, ձեռք չտալ նրանց կղանքին: Դրանից բացի, հոդվածում ընդգծվում է, որ նախկինում Էբոլայի տարածման ուսումնասիրրության մեջ ուշադրությունը դարձվում էր միայն թեւավորների ընտանիքի խոշոր չղջիկների վրա, որոնք սնվում են մրգերով, սակայն հիմա անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ մանր միջատակեր չղջիկներին: