Ամերիկյան գիտնականները գտել են «Էբոլայի եղբոր»՝ Մարբուրգ վիրուսի գաղտնի պահեստը հիվանդացած կապիկների օրգանիզմում: Պարզվել է, որ վիրուսը թաքնված է ամորձիների Սերտոլի բջիջներում եւ վարակը քայքայում է դրանց հյուսվածքները: Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ ֆիլովիրուսային վարակի արագ բուժումը թույլ չի տա վիրուսին տարածվել ամորձիների հյուսվածքներում եւ կօգնի կանխել սեռական ճանապարհով վարակի փոխանցումը:
Էբոլա եւ Մարբուրգ վիրուսները պատկանում են ֆիլովիրուսների ընտանիքին եւ սուր հեմորագիկ տենդ են առաջացնում, որոնք միջինում հիվանդության դեպքերի կեսի ժամանակ հանգեցնում են հիվանդի մահվան:
Հայտնի է, որ ֆիլովիրուսով՝ Էբոլայով եւ Մարբուրգով հիվանդացած մարդը կարող է երկար ժամանակ վիրուսի կրող լինել. Էբոլա վիրուսը երբեմն լինում է տղամարդկանց սերմնահեղուկում, որոնք հիվանդացել են վարակով եւ գտնվում է սերմնահեղուկում անգամ ապաքինվելուց երկու տարի անց: Այդ պատճառով ԱՀԿ-ն Էբոլայով հիվանդացածներին խորհուրդ է տվել խուսափել չպաշտպանված սեռական կապերից:
Մարբուրգ վիրուսը նույնպես հայտնաբերվել է հիվանդացած մարդու սերմնահեղուկում եւ պաշտոնապես գրանցվել է սեռական ճանապարհով դրա փոխանցումը:
ԱՄՆ-ի Ինֆեկցիոն հիվանդությունների ռազմաբժշկական հետազոտական ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են, որ ֆիլովիրուսները նաեւ գտնվում են հիվանդացած մակակների աչքի եւ ամորձիների հյուսվածքներում: Ինչպես ցույց է տվել 97 հիվանդացած կենդանիների հյուսվածքների անալիզը, Մարբուրգ վիրուսը հայտնաբերվել է մեկ քառորդ մակակների հյուսվածքներում, ընդ որում արուների մոտ այն հիմնականում գտնվել է ամորձիներում:
Ամորձիների հյուսվածքների անալիզը ցույց է տվել, որ վիրուսը հիմնականում տեղակայվում է Սերտոլի բջիջներում, որոնք շրջապատում են սերմնատար ուղիները:
Աշխատանքի հեղինակները պարզել են, որ Սերտոլի բջիջների վարակումը վիրուսով փորձի կենդանիների մոտ հանգեցրել է հեմատոտեստիկուլյար արգելքի խախտմանը եւ ամորձիներ են ներթափանցել Т-լիմֆոցիտները: Մի կողմից լիմֆոցիտների ինֆիլտրացիան հանգեցրել է բորբոքման զարգացման եւ ամորձիների հյուսվածքի քայքայման: Մյուս կողմից այդ լիմֆոցիտների շրջանում գտել են կարգավորիչ բջիջների (Treg) զգալի քանակություն, որոնք ճնշում են վիրուսի դեմ իմունային արձագանքը, ուստի նրան ոչինչ չի խանգարում երկար ժամանակ մնալ ամորձիներում: Հետազոտողները ենթադրել են, որ իմունաթերապիան, որը ուղղված է Treg-ի դեմ, կարող է հիվանդացածներին ազատել թաքնված վիրուսից:
Մակակների մյուս փորձում, որոնց հյուսվածքների նմուշները հետազոտել էին աշխատանքի հեղինակները, կենդանիներին վարակել են վիրուսի բարձր չափաքանակով եւ հաջորդաբար 2-ից մինչեւ 8-րդ օրը էվթանազիայի ենթարկել: Ինչպես պարզվել է, վիրուսային ՌՆԹ-ն արդեն 2-րդ օրը տեղակայվում է ավշային հանգույցներում եւ փայծաղում, սակայն ամորձիներին վիրուսը հասնում է միայն 7 օր անց:
Այս դիտարկումից գիտնականները կարեւոր եզարակացություն են արել, որ կանդիդատային դեղերով վաղաժամ բուժումը կարող է կանխել ամորձիներում վիրուսի ներթափանցումը եւ հետագա պահպանումը:
Հետազոտութւյան արդյունքները հրապարակվել են Cell Host&Microbe ամսագրում:






