Բժշկության զարգացմանը զուգահեռ ավելի ու ավելի շատ անհաս երեխաներ են ապրելու հնարավորություն ստանում, այսօր կարծիք կա, որ 30-շաբաթական հղիությունից հետո ծնված երեխաները ապրելու շատ լավ հավանականություն ունեն (90 տոկոսից ավելի): Ամենափոքր երեխան, ում իր աշխատանքային տարիներին տեսել է Գրացի համալսարանի (Ավստրիա) նեոնատոլոգիայի պրոֆեսոր  Բերնթ Ուրլեսբերգերը, ծնվել է հղիության 24-րդ շաբաթում:

Աղջնակը, ում անունը մասնագետը չի հրապարակում, ծնվելիս կշռել է ընդամենը 340 գրամ: Նա իր գեստացիոն տարիքից հետ էր մնում քաշով, հասակով եւ զարգացմամբ, մյուս երեխաները 24-րդ շաբաթում սովորաբար ավելի խոշոր են: Ինչպես բոլոր խորը անհաս երեխաների մեծ մասի դեպքում, աղջիկը առողջական լուրջ խնդիրներ ուներ, եւ քչերն էին հավատում, որ նա կապրի:

Պրոֆեսոր Ուրլեսբերգերը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ աղջկան երկար ամիսներ խնամել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այս ընթացքում նրան 5 անգամ վիրահատել են:

Հիմա աղջիկը մոտ 10 տարեկան է, նա իրեն լավ է զգում եւ իր տարեկիցներից գրեթե չի տարբերվում:

Հասուն է համարվում 37-շաբաթական հղիությունից հետո ծնված երեխան: Սակայն այսօր, ըստ spensershope.org-ի տվյալների, ապրում է 34-րդ շաբաթում ծնված երեխաների 98 տոկոսը, իսկ 27-րդ շաբաթում ծնվածների ավելի քան 90 տոկոսը: Ինչ վերաբերում է խորը անհաս երեխաներին, պատշաճ խնամքի դեպքում ապրում է 23-րդ շաբաթում ծնված երեխաների 10-35 տոկոսը, 24-րդ շաբաթում ծնվածների՝ 40-70 տոկոսը, 25-րդ շաբաթում ծնվածների՝ 50-80 տոկոսը: 22-շաբաթականների հնարավորությունները շատ ավելի քիչ են՝ 0-10 տոկոս: Իսկ 21-րդ շաբաթում կամ ավելի վաղ ծնված երեխաները, որպես կանոն, չեն ապրում:

2006 թվականի տվյալներով՝ ամենաանհաս եւ ապրած երեխաներն են եղել Կանադայում 1987 թվականի մայիսի 20-ին 21 շաբաթ 5 օրում ծնված Ջեյմս Էլգին Ջիլլը եւ Ամալյա Թեյլորը, որը ծնվել էր ԱՄՆ-ում 2006 թվականի հոկտեմբերի 24-ին 21 շաբաթ 6 օրում: Ծնվելիս Թեյլորի հասակը կազմել է 22,86 սմ, քաշը՝ 283 գրամ: