Շատերն են ասում, որ մարդու մեզի մեջ ոչ մի մանրէ չկա, բայց նոր հետազոտությունը այս հիմնավորումը հարցականի տակ է առել:
Չիկագոյի համալսարանի Լոյոլա բժշկական դպրոցի դեկան, դոկտոր Լինդա Բրուբակերը եւ իր գործընկերները ստուգել են 90 կնոջ մեզի օրինակները: Նրանք պարզել են, որ առողջ կանանց, ինչպես նաեւ գերակտիվ միզապարկ ունեցող կանանց մեզի մեջ առկա են մանրէրներ: Սակայն առողջ եւ հիվանդ կանանց մեզի մանրէները տարբեր են եղել, հաղորդում է WebMD-ը:
Կանանց գրեթե 15 տոկոսը ունի գերակտիվ միզապարկ, որը առաջացնում է միզելու անսպասելի պահանջ: Այս կանանց 40-50 տոկոսը բուժումներին չի պատասխանում: Հետազոտողները կարծում են, որ հենց մանրէների միջեւ առկա տարբերության պատճառով է, որ որոշ հիվանդներ բուժմանը արձագանքում են, իսկ մյուսները՝ ոչ:
Հետազոտությունը ներկայացվել է Բոսթոնում Ամերիկյան միկրոկենսաբանության ընկերության ամենամյա ժողովի ժամանակ: Բժշկական հանդիպումների ժամանակ ներկայացված արդյունքները դեռեւս որպես կանոն համարվում են նախնական, մինչեւ որ այն կհրապարակվի գիտական գրախոսական ամսագրում:
Հաջորդ քայլով հետազոտողները մտադիր են պարզել, թե միզապարկում առկա ո՞ր մանրէներն են օգտակար, իսկ որոնք վնասակար, ինչպե՞ս են այդ մանրէները փոխազդում միմյանց հետ եւ ինչպե՞ս կարող են այս նոր գիտելիքները օգնել հիվանդներին:






