Սեպտեմբերի 6-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց միջազգային գիտաժողով՝ նվիրված մանկական վիրաբուժության եւ նեյրովիրաբուժության խնդիրներին: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ռումինիայի, Մոլդովայի եւ այլ երկրների առաջատար մասնագետներ: Ընդհանուր առմամբ, միջոցառման շրջանակում կներկայացվի 66 զեկույց, որոնցից 11-ը հայ փորձագետների կողմից:
Ինչպես իր ելույթում նշեց Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը, երկրում մանկական վիրաբուժության զարգացումը սկզբնավորվել է 60-ական թվականներից: «Անցած տասնամյակներին մեզ հաջողվել է ստեղծել ընդհանուր մանկական վիրաբուժության ամուր հիմքը, իսկ հետագայում սկսել զարգացնել մանկական վիրաբուժության այնպիսի նեղ ուղղություններ, ինչպիսին են նեյրովիրաբուժությունը, ուրոլոգիան, օրթոպեդիան եւ վնասվածքաբանությունը, գինեկոլոգիան եւ այլն»,- հայտնեց նա:
Խոսնակը հատուկ նշեց մանկական առողջապահության զարգացման գործում պետության եւ Առողջապահության նախարարության դերը: «Այսօր, մեր երկրի շարունակվող շրջափակման պայմաններում, մանուկների եւ դեռահասների առողջության հարցերը առաջնային են ինչպես օրենսդիրների, այնպես էլ գործադիր իշխանության համար»,- շեշտեց խորհրդարանի խոսնակը:
Նրա խոսքով՝ վերջին 20 տարիներին մանկական վիրաբուժության արագ զարգացումը պայմանավորված է ոչ միայն նոր ախտորոշման եւ բուժական տեխնոլոգիաների հայտնվելով, այլեւ միջազգային համագործակցության զարգացմամբ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ երկրների առաջատար բժշկական կենտրոնների հետ սերտ կապերի հաստատմամբ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ վերջին 10 տարում Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները գրեթե մեկ երրորդով կրճատվել են: Նախարարը գոյություն ունեցող խնդիրների թվում նշեց այն, որ դժբախտ պատահարների եւ մանկական վնասվածքների դեռեւս բարձր ցուցանիշներ են գրանցվում: «Վերջին տասնամյակում 0-18 տարեկան երեխաների շրջանում տարեկան գրանցվում է 16-17 հազար նոր դեպք, երբեմն, ցավոք, մահվան ելքով»,- ասաց նա:
Մինչդեռ, ինչպես նշվեց, բուժանձնակազմերի բարձրպրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր նույնիսկ ծանր դեպքերում հաջողվում է բարեհաջող վերջնարդյունքի հասնել:
Հավելենք, որ միջազգային գիտաժողովն աշխատանքները կավարտի սեպտեմբերի 7-ին: Միջոցառման կազմակերպիչներն են Մանկաբույժների հայկական ասոցիացիան, Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիան, Մոլդովայի Հանրապետության Մանկական վիրաբուժության ազգային միությունը, Մանկական նեյրովիրաբույժների եվրոպական ասոցիացիան:








