Երեխաների մոտ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն այսօր բավական հաճախ են հանդիպում, եւ լեյկոզներից հետո երկրորդ տեղն են զբաղեցնում տարածվածությամբ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի բժշկական ինստիտուտի նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նեյրովիրաբույժ Գենադի Չմուտինը:
Գլիոբլաստոմաները եւ ուղեղի այլ ուռուցքները ոչ հազվադեպ են հանդիպում նաեւ մեծահասակների մոտ, սակայն երեխաների մոտ դրանք, որպես կանոն, ավելի չարորակ են լինում. հորմոնալ ֆոնի առանձնահատկությունների շնորհիվ այդ ուռուցքներն ավելի ակտիվ են աճում: Երբեմն հանդիպում են նաեւ բնածին ուռուցքներ:
Չնայած երեխաների մոտ ուղեղի ուռուցքների նման տարածվածությանը, դրանց բուժման միասնական սկզբունքներ եւ ստանդարտներ դեռ չկան. յուրաքանչյուր առանձին դեպքում յուրահատուկ մոտեցում է պետք, որը կարող է որոշել մասնագետների բազմակարգապահական թիմը, որը ներառում է ոչ միայն նեյրովիրաբույժին, այլեւ ուռուցքաբանին, քիմիաթերապեւտին, ռադիոլոգին, մանկական վիրաբույժին եւ այլ մասնագետներին:
Ինչպես նշել է մասնագետը, բավական չէ միայն ուռուցքի հեռացումը, որը վիրահատելի է. պետք է հետագա բուժման ճիշտ մարտավարություն ընտրել, ինչը կմեծացնի հիվանդի ապրելու հնարավորությունները:
Ուղեղի ուռուցքով ամեն մի հիվանդի համար ըստ մասնագետի, պետք է կոնսիլիում հավաքվի եւ բազմակարգապահական թիմը պետք է որոշի՝ պետք է արդյոք կոնկրետ հիվանդին ռադիովիրաբուժությունը, ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան կամ միգուցե իմաստ ունի փորձել բուժամն ավելի նոր մեթոդներ, ինչպիսիք են իմունաթերապիան կամ այսպես կոչված թիրախային թերապիան:
Նշենք, որ վերջին տարիներին ուղեղի ուռուցքներով հիվանդների թիվն աճում է. գլիոբլաստոմաները եւ ուղեղի այլ ուռուցքները ավելի հաճախ են գտնում տարբեր տարիքի մարդկանց մոտ, այդ թվում հայտնի մարդկանց:
Հենց գլիոբլաստոման էր դարձել հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի եւ սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան պատճառ: Գլիոբլաստոման համարվում է այսօր հայտնի ամենաագրեսիվ ուռուցքներից մեկը: Ամբողջ աշխարհում գլիոբլաստոմայի դեպքում ապրելու ցուցանիշները բավական ցածր են մնում եւ շատ գիտնականներ հետազոտություններ են անցկացնում՝ հույս ունենալով գտնել բուժման նոր, ավելի արդյունավետ մեթոդներ:






