ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանի հրամանը, որի համաձայն գլխավոր մասնագետները այսուհետ հանդես են գալու որպես խորհրդատու, իսկ նրանց թիվը 76-ից կրճատվել է մինչեւ 45-ը։

Հրապարակված հավելվածում բացակայում են գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի, ակնաբույժ Ալեքսանդր Մալայանի, հոգեբույժ Արեգա Հակոբյանի, էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանի, նարկոլոգ Պետրոս Սեմերջյանի, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի, անհետաձգելի բուժօգնության մասնագետ Արա Մինասյանի, պրոկտոլոգ Արմեն Մինասյանի, հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանի, անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանի, նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանի եւ մի շարք այլ նախկին գլխավոր մասնագետների անունները։

Նախկին գլխավոր մասնագետներից խորհրդատուներ են դարձել․ մանկաբուժության գծով՝ Սերգեյ Սարգսյանը, սրտաբանության գծով՝ Համլետ  Հայրապետյանը, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիկ վիրաբուժության գծով՝ Արմեն Չարչյանը, Քիթ-կոկորդականջաբանության գծով՝ Արթուր Շուքուրյանը, Անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի գծով՝ Անատոլի Գնունին, Բժշկական ախտորոշիչ ճառագայթաբանության գծով՝ Գեղամ Աղաբեկյանը, Պլաստիկ եւ վերակառուցողական վիրաբուժության գծով՝ Արմեն Հովհաննիսյանը, Նեոնատոլոգիայի գծով՝ Պավել Մազմանյանը, Մանկական ռեանիմացիայի եւ ինտենսիվ թերապիայի գծով՝ Հրանտ Կալենտերյանը, Մանկական ներզատաբանության գծով՝ Ելենա Աղաջանովան, Ուրոլոգիայի գծով՝ Արթուր Գրաբսկին, Երիկամաբանության եւ հեմոդիալիզի գծով՝ Աշոտ Սարգսյանը եւ մի քանի այլ մասնագետներ։ Սամվել Դանիելյանը, որը 2,5 ամիս առաջ էր նշանակվել գլխավոր արյունաբան, այժմ դարձել է խորհրդատու Արյունաբանության, տրանսֆուզիոն բժշկության եւ արյան պաշարման գծով։

Նոր նշանակումներից են․ Լուսինե Արզումանյան՝ խորհրդատու Հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության գծով, Հովհաննես Հովհաննիսյան՝ Մաշկաբանության եւ վեներոլոգիայի գծով, Գեւորգ Թամամյան՝ Ուռուցքաբանության գծով, Արտաշես Զիլֆյան՝ Ակնաբանության գծով, Վահե Գյուլխասյան՝ Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի գծով,  Նարինե Սարգսյանց՝ Ինֆեկցիոն հիվանդությունների գծով,  Վիգեն Անանյան՝ Նյարդավիրաբուժության գծով, Էդուարդ Աղիյան՝ Անոթային վիրաբուժության գծով, Նաիրա Գոգյան՝ Էնդոկրինոլոգիայի գծով, Դավիթ Դալլաքյան՝ Մանկական վիրաբուժության գծով, Սուրեն Նազինյան՝ Թմրաբանության գծով, Սեւադա Հակոբյան՝ Սեքսոպաթոլոգիայի գծով եւ այլն։

Խորհրդատուների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։