Շագանակագեղձի քաղցկեղը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, կարծում են որոշ գիտնականներ, սակայն այս տեսակետը դեռեւս գիտականորեն ապացուցված չէ։
Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, ուսումնասիրելով շագանակագեղձի բջիջները, եկել են այն եզրակացությանը, որ սեռական ճանապարհով փոխանցվող տրեխոմոնիազ վարակը նպաստում է քաղցկեղային բջիջների զարգացմանը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են տարբեր բնագավառներում գիտական օրիգինալ հետազոտությունների համար նախատեսված՝ PNAS (Proceedings of the National Academy of Sciences) ամսագրում, հաղորդում է BBC-ին։
Գիտնականները պարզել են, որ տրեխոմոնիազ առաջացնող մանրէն նաեւ անջատում է սպիտակուց, որը նպաստում է ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ բջիջների առաջացմանը եւ բորբոքմանը շագանակագեղձում։
Սա իհարկե, շագանակագեղձի քաղցկեղի եւ տրեխոմոնիազի միջեւ առկա ենթադրյալ կապը ուսումնասիրող առաջին հետազոտությունը չէ։ 2009թ-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ շագանակագեղձի քաղցկեղ ունեցող տղամարդկանց մեկ քառորդը ունի նաեւ տրեխոմոնիազ։
«Նոր հետազոտությունը ենթադրում է, որ հավանաբար Trichomonas vaginalis մանրէն նպաստում է շագանակագեղձի քաղցկեղի բջիջների արագ զարգացմանը,-բացատրել է Նիկոլա Սմիթը Բրիտանիայի Cancer Research-ից։ Սակայն այս հետազոտությունը ացնկացվել է միայն լաբորատորիայում, իսկ նախկինում կատարված մյուս բոլոր հետազոտությունները, որոնք փորձել են ապացուցել շագանակագեղձի քաղցկեղի եւ տրեխոմոնիազի միջեւ առկա կապը, հաջողությամբ չեն պսակվել»։
Թեպետ քաղցկեղի որոշ տեսակներ առաջանում են տարբեր վարակներից, ամերիկացի գիտնականները եւ Cancer Research-ից նրանց բրիտանացի գործընկերները ընդգծել են, որ կա հավելյալ հետազոտությունների անհրաժեշտություն՝ շագանակագեղձի քացղկեղը վարակիչ հիվանդությունների շարքին դասելու համար։






