«Աստղիկ» բժշկական կենտրոնը ձեռք է բերել Helena - AC4 նոր անալիզատոր: Սա Հայաստանում առաջին ավտոմատ կոագուլաչափն է՝ Helena Biosciences Europe ընկերությունից:
Սեպտեմբերի 6-ին «Աստղիկ» ԲԿ-ում Helena Biosciences Europe (Newcastle, UK) ընկերության ներկայացուցիչ Զահրա Ալթաիին (Zahra Altaii) ուսուցողական սեմինար անցկացրեց Երեւանի մի շարք բժշկական լաբորատորիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Աստղիկ» ԲԿ լաբորատորիայի ղեկավար Մարինե Մանուկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ Helena AC4 ավտոմատ կոագուլաչափը մեկ թեստը կատարում է գրեթե 6 րոպեում, իսկ ստանդարտ կոագուլագիրը կազմված է 6 թեստից (խորացված հատուկ հետազոտությունների համար դրանց թիվը կարող է ավելին լինել):
Նրա պարզաբանմամբ՝ կոագուլագիրը շատ դեպքերում է անհրաժեշտ. սա պարտադիր թեստ է հղիների համար՝ արյան մակարդելիությունը ստուգելու նպատակով, այն անհրաժեշտ է սրտային պաթոլոգիաների բուժման վերահսկողության համար եւ պարտադիր է վերակենդանացման հիվանդների համար: «Կոագուլագիրը պարտադիր է նաեւ բոլոր վիրաբուժական հիվանդների համար, որպեսզի վիրահատության ընթացքում բացառվեն արյունահոսության հետ կապված հնարավոր խնդիրները»,- ասաց Մարինե Մանուկյանը:
Ինչպես նշեց Հայաստանում Helena Biosciences Europe-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մաունթ» ՍՊԸ-ի վաճառքի հարցերով մենեջեր Կարեն Գրիգորյանը, այլ ֆիրմաների նույնպիսի անալիզատորների համեմատությամբ՝ այս սարքի առավելությունը մատչելի գինն է: «Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, սա առավել օպտիմալ տարբերակն է»,- ասաց նա:
Կարեն Գրիգորյանը հավելեց, որ Helena AC4-ը համակարգչի հետ կապի համար հատուկ ծրագրային ապահովում ունի: Սարքի աշխատանքի վերահսկողությունն իրականացվում է անմիջապես բրիտանական ֆիրմայի կողմից: Նրա խոսքով՝ «Աստղիկ» ԲԿ-ում ընդհանրապես գործարկված է Lis ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բժիշկներին սեփական համակարգչում տեսնել հիվանդների լաբորատոր հետազոտությունների պատասխանները:








