Երեւանի «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկայում տնօրենը փոխվել է: Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ (հիվանդանոցը պատկանում է քաղաքապետարանին) տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Միքայել Ադամյանը:

NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում կլինիկայի նախկին տնօրեն Լիդա Մուրադյանն ասաց, որ իր ցանկությամբ է հեռացել  պաշտոնից՝ տարիքային ցենզի եւ առողջական վիճակի պատճառով:

Միքայել Ադամյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց իր նշանակումը, հավելելով, որ հիմա ինքը տնօրենի պաշտոնակատար է, հետագայում մրցույթ պետք է կազմակերպվի եւ դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Նա նշեց, որ իր առջեւ խնդիր է դրված՝ հայտնի ամերիկացի սրտի վիրաբույժ, կլինիկայի «նորք–Մարաշ» ԲԿ–ի հիմնադիր Հրայր Հովակիմյանի հետ սերտ համագործակցությամբ կենտրոնին վերադարձնել երբեմնի համբավը եւ տարածաշրջանային սրտաբանական կենտրոնի կոչումը:

Հավելենք, որ Միքայել Ադամյանը ինվազիվ սրտաբան է եւ իր մասնագիտական գործունեւոթյունը սկսել է հենց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում (2003-2005թթ.): Այնուհետ 2005-2008 թվականներին աշխատել է «Քանկոր» կլինիկայում, 2008-ից մինչեւ  2012 թվականը ղեկավարել է  3-րդ բժշկական միավորման սրտաբանական կլինիկան («Արամյանց» ԲԿ), իսկ 2012-ից մինչեւ 2018 թվականը ղեկավարել է «Աստղիկ» («Մալաթիա») ԲԿ-ի սրտաբանական ստացիոնարը: