2017 թվականի հունիսից մինչեւ 2018 թվականի օգոստոս ամիսը Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է Լայմի հիվանդության 27 դեպք: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց համաճարակաբան Կարինե Գեւորգյանը։

Ինչպես տեղեկացրեց մասնագետը, հիվանդների մեծ մասը Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզի բնակիչներ կամ նշված մարզերը այցելած մարդիկ են։ Դեպքերը հիմնականում արձանագրվել են երեխաների շրջանում, առաջին դեպքերն արձանագրվել էին 2017 թվականի ամռանը, երբ Կապանում բնակվող դպրոցական տարիքի երեխաները մայիսին այցելել էին Ճակատեն, Նորաշենիկ եւ Շիկահող գյուղերը։ Մեկ ամսվա ընթացքում հիվանդների մոտ զարգացել են գրիպանման ախտանշաններ՝ հոգնածություն, մկանացավեր, հոդացավեր, գլխացավեր, տենդ ու դողէրոցք։ Հիվանդների մի մասը նկարագրում էր օղակաձեւ ցան (էրիթեմա)։ Քանի որ վարակաբանի կողմից հաշվի էր առնվել համաճարակաբանական վերհուշը (տզի խայթոց անտառում գտնվելու ժամանակ) եւ իրականացվել էր ստույգ կլինիկական նախնական ախտորոշումը՝ հիվանդները ուղղորդվել էին Երեւան՝ տզային բորելիոզի վերաբերյալ հետազոտվելու նպատակով։ Հիվանդները ստացել են համապատասխան բուժում:

«Լայմի հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում՝ մի քանի շաբաթվա, ամսվա կամ նույնիսկ տարվա ընթացքում կարող են զարգանալ բարդություններ, այդ թվում՝ հոդացավեր ու հոդերի այտուցվածություն, նյարդային համակարգի ախտահարումներ՝ այդ թվում վերջույթների թմրածություն ու ցավեր, դիմային նյարդի կաթված, հիշողության ու ուշադրության խնդիրներ: Լայմի հիվանդությունը կարող է դառնալ նաեւ սրտի խնդիրների՝ օրինակ միոկարդիտի ու սրտային անբավարարության պատճառ: Ցավոք քրոնիկ հիվանդության դեպքում բուժող բժիշկների կողմից միշտ չի որ հաշվի է առնվում համաճարակաբանական վերհուշը՝ տզի խայթոցը, առավել եւս, որ շատ ժամանակ է անցած լինում այդ դեպքի եւ հիվանդության զարգացման միջեւ, հաճախ բացակայում են հիվանդության առաջնային ախտանշանները (օղակաձեւ ցանը), ավելի տեսանելի են դառնում երկրորդային ախտանշանները եւ ախտորոշման համար հիվանդները չեն ուղղորդվում Լայմի հիվանդության լաբորատոր հետազոտությունների, այդ իսկ պատճառով հետագայում հաճախ սխալ բուժում են ստանում», – ասաց Կարինե Գեւորգյանը։

Մասնագետը հավելեց, որ 2018 թվականի մայիսին Սյունիքի եւ Տավուշի մարզերի բնակիչների շրջանում իրականացվել է արյան նմուշառում եւ հետազոտություններ Լայմի հիվանդության իրական տարածվածությունը որոշելու նպատակով։ Համաճարակաբանական  հետազոտության տվյալներով քրոնիկ Լայմի հիվանդության տարածվածությունը բավականին բարձր է եղել (դրական արդյունքով դեպքերը կազմել են մոտ 33-40%)։ «Այս առումով շատ կարեւոր է բժշկական անձնակազմի զգոնության բարձրացումը` տեղերում դեպքերի վաղ հայտնաբերման, մարզերում լաբորատոր հետազոտման կազմակերպման եւ, հետագայում՝ դրական դեպքերի մասնահատուկ բուժումն իրականացնելու համար», – նշեց նա։

Ինչպես պարզաբանեց վարակաբանը, Լայմի հիվանդությունը կամ տզային բորելիոզը բարձր համաճարակային ներուժով վարակիչ հիվանդություն է՝ Հյուսիսային կիսագնդում միայն ԱՄՆ-ում արձանագրվում է տարեկան շուրջ 200,000 նոր դեպք: Արեւմտյան Եվրոպայում հիվանդությունը գրանցվում է Գերմանիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Իտալիայում եւ Չեխիայում։ Ռուսաստանում այն համարվում է առավել տարածված բնական օջախային  հիվանդություն։

Լայմի հիվանդության հարուցիչներն են բորելիաները (մանրէ), դրանք Հյուսիսային Ամերիկայում՝  Borrelia burgdorferi, Եվրոպայում - Borrelia garinii եւ Borrelia afzelii սպիրոխետներն են։ Լայմի հիվանդությունը փոխանցվում է Exodes ցեղի վարակված տզերի միջոցով, իսկ վարակի աղբյուր կարող են հանդիսանալ կենդանիները:

Քանի որ Լայմի հիվանդության դեմ չկա պատվաստանյութ, կանխարգելման հիմքում մասնահատուկ ռեպելենտների (միջատավանիչ նյութերի) օգտագործումն է, իսկ տզերի խայթոցի դեպքում՝ տզերի անմիջապես հեռացումը։