Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող շատ հիվանդներ, ում երկրորդ կուրծքը հեռացնում են կանխարգելման նկատառումներից ելնելով, իրականում կրկնակի մանստէկտոմիայի կարիք չեն ունենում, ցույց է տվել նոր հետազոտությունը։
Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 1400 կանանց ուսումնասիրած գիտական աշխատանքի հեղինակները պարզել են, որ 10 հիվանդներից 7-ը, ում երկրորդ, առողջ կուրծքը հեռացնում են կանխարգելման համար, այնքան էլ հակված չեն եղել կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը երկրորդ, առողջ կրծքում, հաղորդում է Newsmax Health-ը։
«Մենք պարզել ենք, որ հիվանդների գրեթե 70%-ը մանստէկտոմիայի համար կլինիկակական ցուցումներ չեն ունեցել»,-ասել է Միչիգան նահանգի համալսարանի հետազոտող Սառա Հոուլին։ Հետազոտողները սահմանել են կլինիկական ցուցումները որպես BRCA 1 կամ 2 գենետիկ մուտացիաների կամ ընտանեկան պատմության մեջ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի առկայությունը, որոնք բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի վտանգը։
Կրկնակի կանխարգելիչ մանստէկտոմիան այժմ բավականին տարածված երեւույթ է, թեպետ փորձագետները կարծում են, որ այն անհրաժեշտ է կատարել միայն բարձր ռիսկայնության դեպքում։
Հոուլիի խումբը հետազոտել է 1447 կանանց, ում բուժել են կրծքագեղձի քաղցկեղից, եւ նրանց մոտ հիվանդությունը չի կրկնվել։ Գրեթե 19%-ը ասել են, որ նրանք լրջորեն մտածում են երկրորդ կուրծքը հեռացնելու մասին, իսկ 8%-ը կատարել են երկրորդ, առողջ կրծքի հեռացման վիրահատություն։
Ընդ որում, կրկնակի մանստէկտոմիայի վիրահատության ենթարկված հիվանդների մոտ 69% չեն ունեցել մյուս կրծքում քաղցկեղի առաջացման գենետիկ եւ ընտանեկան ռիսկի գործոններ, ասել է Հոուլին։
«Միջին հաշվարկներով, հինգը տարվա ընթացքում քաղցկեղի առաջացումը մյուս կրծքում կազմում է մոտ 2,5 տոկոս»,-ասել է նա։ Այս վտանգը կարելի է երկու անգամ նվազեցնել՝ հորմոնալ դեղամիջոցներ օգտագործելով, հավելել է Հուլին։
Ըստ մասնագետի, ռիսկային գենետիկական մուտացիաներ ունեցող կանանց համար առաջիկա հինգ տարիների ընթացքում մյուս կրծքում քաղցկեղի առաջացման հավանականությունը կազմում է 20%:






